Փորձում ենք կամուրջ դառնալ իշխանության և ժողովրդի միջև
«ԱՄՆ-ՈՒՄ ԵՎ ԱՅԼՈՒՐ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ»
-Արհմիութենական որևէ խնդիր արծարծելիս նախ հիշում եմ Լեխ Վալենսային, որը հաղթեց տոտալիտարիզմի դեմ պայքարում, ընտրվեց Լեհաստանի նախագահ՝ հենվելով Լեհաստանի արհմիությունների 10-միլիոնանոց ներուժի վրա: Նաև հիշենք, որ Վալենսան Գդանսկի նավահանգստի զոդող բանվորներից մեկն էր:
-Դա «Սոլիդարնոստ» հզոր շարժումն էր, խոշորագույնը արևելաեվրոպական երկրներում, որոնք խորհրդային ճամբարում էին և ձգտում էին անկախության: Եվ այն մեծ ակտիվություն հաղորդեց ընդհանուր արհմիութենական շարժմանը: Տարիներ առաջ հրավիրվեցի «Սոլիդարնոստի» հոբելյանական միջոցառումներին, ցուցահանդես էին կազմակերպել, որտեղ ներկայացված էին նրանց պատմության ուշագրավ դրվագները: Բայց եկեք չսահմանափակվենք «Սոլիդարնոստ»-ով, որքան էլ այն տպավորիչ է: Խորհրդային կարգերի փլուզումից հետո Իսրայելի արհմիությունը մեծ դեր խաղաց նախկին խորհրդային պետությունների արհմիութենական կազմակերպությունների վերապատրաստման գործում: Ի մասնավորի, Հայաստանից մեկ կամ երկու հոգի պարբերաբար հրավիրվել է Իսրայել և վերապատրաստվել նրանց «Միջազգային հարաբերությունների ինստիտուտում»: Անդրադառնալով «Սոլիդարնոստին»՝ ասեմ, որ այն իր մասնաճյուղերն է ձևավորել եվրոպական շատ երկրներում: Լեհաստանի կյանքում այն ունի լուրջ հանրային դերակատարում: Վերջերս Բրյուսելում էի, քանի որ «Եվրոպական արհմիությունների գործադիր մարմնի» անդամ եմ: Այդ համաժողովին մասնակցում էր նաև «Սոլիդարնոստի» ղեկավար Ադամչիկը, որը լուրջ գործեր է նախաձեռնել ԱՊՀ երկրների արհմիութենական կազմակերպությունների առաջնորդներին համաշխարհային արհմիութենական շարժման մեջ ներգրավելու համար:
-Նախորդ դարի սկզբին արհմիութենական շարժումը հսկայական դեր խաղաց ԱՄՆ-ի կյանքում: Ի մասնավորի, արհմիությունները պայքար մղեցին ամերիկյան պետությունը կազմաքանդող գանգստերական շարժման դեմ:
-Բայց արհմիությունները նույն գանգստերական-բանդիտական ուժերը օգտագործեցին որպես գործիք՝ ճնշում գործադրելով գործատուների վրա: Նրանք կազմակերպում էին գործադուլներ, նենգադուլներ և այլն: Բայց հիմնականում ԱՄՆ-ում և այլուր արհմիությունները ծառայում են աշխատավորության շահերի համապարփակ պաշտպանությանը:
-Վերջերս Մոսկվայում էիք: Ես տեղյակ եմ, որ ՌԴ-ի արհմիությունը համագործակցում է իշխանության և կառավարության հետ, և կարծես շահում են երկուստեք:
-ՌԴ արհմիությունը պահպանեց ԽՍՀՄ-ի օրոք ձևավորված իր սեփականությունը: Եվ ճակատները պարզ հարաբերվում են պետական բարձրագույն ատյանների հետ: Տարին մեկ-երկու անգամ ՌԴ արհմիությունների ղեկավար Միխայիլ Շմակովը հանդիպում է Վլադիմիր Պուտինի հետ, նրանց հանդիպումը լայնորեն ներկայացվում է ռուսական հասարակության ուշադրությանը: Միխայիլ Շմակովը ԱՊՀ երկրների արհմիությունների համադաշնային կազմակերպության նախագահն է, խորհրդային շրջանում ղեկավարել է Մոսկվայի արհմիությունների ֆեդերացիան, բավականին գործուն մարդ է: Նրա հետ գործընկերային լավ հարաբերություններ ենք պահպանում:
«ԴԵ ԵԿ ՈՒ ԱՊՐԻՐ ԱՅԴ 55 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԹՇՎԱՌ ԳՈՒՄԱՐՈՎ»
-Ինչպե՞ս են աշխատում ՌԴ-ում, ինչո՞վ են արժանացել երկրի բարձրագույն ղեկավարության ուշադրությանն ու հարգանքին:
-Ռուսաստանում եռակողմ հանձնաժողով ձևավորվեց արհմիության, գործատուների միության և կառավարության միջև: Ես 2007-ից եմ ղեկավարում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան: 2009-ին մենք ևս ստեղծեցինք եռակողմ հանձնաժողով, որին անդամակցում էին ՀՀ կառավարությունը, մեր կոնֆեդերացիան և Հայաստանի գործատուների միությունը: Տիգրան Սարգսյանը, Արսեն Ղազարյանը և ձեր խոնարհ ծառան ստորագրեցին հանրապետական կոլեկտիվ համագործակցային առաջին եռակողմ պայմանագիրը:
-Ե՞վ...
-Այս ինստիտուտը արդեն 8 տարի է, ինչ գործում է, սակայն լիովին կայացած չէ:
-Ինչպես ամեն բան մեր «փառապանծ և տառապած» հայրենիքում:
-Գուցե և այդպես: Սակայն վստահեցնում եմ, որ վերոնշյալ եռակողմ հանձնաժողովում արհմիությունը բավականին ներկայանալի է և նպաստում է աշխատավորության շահերի պաշտպանությանը: Հանձնաժողովի վերջին նիստում կառավարությունը առաջարկություն էր ներկայացրել Աշխատանքային օրենսգրքում ուժը կորցրած ճանաչել այն, որ աշխատավարձի ինդեքսավորումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հիմնավորելով, որ այդ դրույթը 2005 թ. չի իրականացվել:
Մենք պահանջեցինք, որ լուծումներ գտնվեն, ոչ թե այն չեղարկվի:
-Մեր շատ օրենքներ և օրենսդրական ակտեր հրաշալի հարմարեցվում են օրվա իշխանության և կառավարության կամքին ու քմայքին: Ի մասնավորի, նվազագույն աշխատավարձի սահմանումը:
-Այդ որտեղի՞ց են վերցրել, այդ ի՞նչ «հանճարեղ» հաշվարկներ են կատարել, որ հիմնավորում են, թե նվազագույն աշխատավարձը ՀՀ-ում պետք է կազմի 55 հազար դրամ: Սա օդից վերցրած հաշվարկ է և փաթաթվել է աշխատավորության պարանոցին: Դե եկ ու ապրիր այդ 55 հազար դրամ թշվառ գումարով: Սակայն չէ՞ որ գործում է Միջազգային կոնվենցիան, որը ստորագրել ենք, և որը կոնկրետ պահանջներ ունի, թե ինչպես ձևավորել նվազագույն աշխատավարձը, որը պետք է իր հերթին ձևավորի կենսապահովման նվազագույն զամբյուղը:
Ահա կոնվենցիայի առաջադրանքները.
ՀՀ-ն վավերացրել է ԱՄԿ-ի նվազագույն աշխատավարձի սահմանման մասին 131-րդ կոնվենցիան, սակայն ՀՀ-ում գործնականում այն չի կիրառվում, բացի այդ, դեռ 2004-ին ՀՀ ԱԺ-ն ընդունել է «Կենսապահովման նվազագույն զամբյուղի և կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենք, որտեղ սահմանված է, որ զամբյուղի և բյուջեի սահմանումը նպատակ ունի հիմնավորելու նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի, նպաստների և այլ վճարների չափերը:
Մենք այս խնդրի լուծման պահանջով պարբերաբար դիմում ենք և՛ երկրի կառավարությանը, և՛ հանրապետության նախագահին:
-Գնաճն է շատ ցավոտ ընդունում հասարակությունը: Մանավանդ որ հաճախ գնաճի հիմքում արհեստածին գործոններ կան:
-Գնաճի դեմ պայքարում ենք ամենատարբեր եղանակներով, հրապարակային ելույթներով, վերլուծական նյութերով, նաև պաշտոնական գրություններով դիմում ենք պատկան մարմիններին և պահանջում ենք կարգավորել խնդիրները:
-Ո՞րն է եռակողմ հանձնաժողովի գործունեության սկզբունքը:
-Եռակողմ հանձնաժողովը կոլեկտիվ պայմանագիրը ստորագրելուց հետո յուրաքանչյուր կողմից 5 ներկայացուցիչ մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին: Հանձնաժողովի ղեկավարը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն է: Օրինագծերը ներկայացվում են հանձնաժողովին և քննարկվում նիստերում: Օրինակ՝ ԱՕ-ում աշխատավարձի ինդեքսավորման, գերփոքր ձեռնարկություններին վերաբերող դրույթները մենք մերժել ենք: Ի մասնավորի, լիովին մերժել ենք գերփոքր ձեռնարկության մասին օրենքի առաջարկը, քանզի այն ոտքից գլուխ խախտում է Կոնվենցիայի պահանջները:
Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը բաղկացած է աշխատողների անվտանգության և առողջության պահպանում, աշխատողների կենսամակարդակ, աշխատաշուկա, սոցտնտեսական ոլորտի բաժիններից: Հանձնաժողովի նիստում քննարկվում են նշված ոլորտներին առնչվող հարցեր:
Օրինակ, վերջին նիստի հարցերից էր գերփոքր ձեռնարկություններում աշխատողների համար հավելավճարների սահմանումը աշխատանքային պայմանագրով: Նման մոտեցումը, մեր կարծիքով, տարբերակում է մտցնում գերփոքր ձեռնարկությունում աշխատողների և այլ ձեռնարկություններում աշխատողների միջև: Մենք, բնականաբար, դեմ ենք այդ ձևակերպմանը: Մենք չենք պաշտպանել նաև ԱՕ-ի «Աշխատավարձի ինդեքսավորման վերաբերյալ պահանջը ուժը կորցրած ճանաչելու մասին» դրույթը:
-Ի՞նչ է նշանակում գերփոքր ձեռնարկություն:
-ՀՀ-ում գործում է «Փոքր և գերփոքր ձեռնարկատիրության պետական աջակցության մասին օրենքը», համաձայն որի, գերփոքր է համարվում այն ձեռնարկությունը, որում աշխատում է մինչև 10 մարդ:
-ԱԺ-ի հետ համագործակցո՞ւմ եք:
-Երբ հանձնաժողովը նախագծեր է ընդունում ¥հիմնականում կառավարության նախաձեռնությամբ¤, մենք հրավիրվում ենք ԱԺ-ի սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստերին: Սովորաբար մասնակցում են քննվող հարցին քաջատեղյակ մեր ներկայացուցիչները, հաճախ էլ ես ինքս:
-Արդյունքի հասնո՞ւմ եք:
-Անպատճառ: Ներկայացրել ենք Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ավելի քան 80 առաջարկություն, որոնց մեծ մասն ընդունվել է և արդեն իսկ օրենքի ուժ ունի: Երբ ԱԺ-ն փոփոխություններ էր կատարում Աշխատանքային օրենսգրքում, մեզ ելույթի հնարավորություն ընձեռեցին: Կարողացանք չեղարկել այնպիսի մի չարաբաստիկ դրույթ, որը թույլատրում էր, որ գործատուն և աշխատակիցը փոխառնչվեն... բանավոր համաձայնությամբ, բանավոր խոսքի հիման վրա բանավոր պայմանագիր կնքելով: Դա ուղղակի անհեթեթություն էր:
«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՈՉ ՄԻ ԽՆԴԻՐ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼՈՒԾԵԼ»
-Պարոն Թումասյան, ՀՀ տնտեսության հենարանը խոշոր բիզնեսն է, որը, այսպես թե այնպես, բազմահազար աշխատատեղեր է ապահովում: Բայց արդյո՞ք այդ նույն բիզնեսը զգում է արհմիությունների հետ համագործակցելու պահանջ:
-Մեր կոնֆեդերացիան գործում է ըստ ճյուղային կազմակերպությունների: Մեր ճյուղային միություններն են համագործակցում խոշոր կազմակերպությունների հետ: Հարուստ և հզոր արհմիութենական կազմակերպություն ունի ՀԷՑ-ը, որտեղ հիմնավոր սոցիալական խնդիրներ են լուծվում: Նաև Հայաստանի ատոմակայանը: Կան գործուն արհմիություններ արդյունաբերության ոլորտում: Սպասում ենք աշխուժացման Հայաստանի համար ավանդական առաջատար ճյուղում՝ թեթև արդյունաբերությունում և լեռնամետալուրգիական ձեռնարկություններում:
-Խոշոր բիզնեսը, այլ խոսքով բնութագրած՝ օլիգարխիան, ե՞րբ կհամագործակցի արհմիության հետ:
-Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության միջազգային օրն էր: «Իրատեսը» հիմնավորապես անդրադարձել է այդ խնդրին Անուշ Ներսիսյանի հոդվածով: Պետական մոտեցում է պետք, որ ապահովվի աշխատավորի աշխատանքային անվտանգությունը, սոցիալական հարցեր լուծվեն, մարդը ապահովվի ծառայողական արտահագուստով, տարին գոնե մեկ անգամ հանգստանա և վերականգնի առողջությունը: Այնինչ այսօր 800 նախկին աշխատավոր, որոնք առողջական խնդիրներ են ձեռք բերել իրենց նախկին աշխատավայրում, դռնեդուռ են ընկել, բայց փոխհատուցում չեն ստանում, պետությունը և գործատուները խնամքով լվացել են ձեռքները, օրենքն էլ, որը կկարգավորեր խնդիրը, բացակայում է:
Մենք դիմել ենք երկրի նախագահին, կառավարությանը, առայժմ անօգուտ: Եվ անցանք գրոհի. առանձին դեպքերով դիմում ենք դատարան, և աշխատավորը ստանում է վնասի փոխհատուցում: Այս գործընթացը շարունակական է:
-Վերջին հարցս ինչ-որ չափով արկածախնդրական է: Ե՞րբ Ձեր ղեկավարած Կոնֆեդերացիան բազմահազար հանրահավաքներով դուրս կգա հրապարակ և փողոց, ինչպես արվում է աշխարհի շատ կայացած երկրներում:
-Հենց վաղը, եթե դա օգուտ պետք է տա գործին: Սակայն նման զանգվածային միջոցառումները, համոզված եմ, ոչ մի խնդիր մեր իրականության մեջ չեն կարող լուծել: Մենք աշխատում ենք օրենքների ընդունման և բարելավման ճանապարհով կարգավորել բազում խնդիրներ, կամուրջ դառնալով աշխատողների և իշխանության միջև:
Հարցազրույցը՝
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ
Սկզբնաղբյուրը` irates.am