Երևան, 22.11.2024

Կայքի հին տարբերակը

Երկօրյա սեմինար Ծաղկաձորում

Երկօրյա սեմինար Ծաղկաձորում

  Սոցիալական բևեռացումը երկրում ակնհայտ է և առայժմ ոչ ոք այն չի ժխտում:

  Այսօր քան երբևէ աշխատավորության շահերի պաշտպանությունը ռազմավարական ծրագրերում պետք է ունենա առաջնահերթություն:

  Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիան ձեռնարկում է քայլեր՝ ակտիվացնելու արհմիութենական կազմակերպությունների դերը և նշանակությունը աշխատավորական կոլեկտիվներում:

  ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնը Պան-Եվրոպական Տարածաշրջանային Խորհրդի աջակցությամբ ապրիլի 27-28 Ծաղկաձորում կազմակերպեց սեմինար՝ «Կազմակերպչական գործառույթները արհմիութենական կազմակերպություններում» թեմայով:

  Սեմինարին մասնակցում էին  սոցիալական և սպասարկման ոլորտների ճյուղային արհմիությունների ներկայացուցիչներ: Աշխատանքներին մասնակցում էր ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը:

  Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը: Նա ներկայացրեց ՀԱՄԿ-ի կառուցվածքը, աշխատավորության սոցիալական շահերի պաշտպանության ուղղությամբ կատարված աշխատանքները, ներկայացրեց սոցիալական գործընկերության շրջանակներում արհմիությունների դերակատարումը,  ինչպես նաև շեշտադրեց արհմիությունների առջև ծառացած խնդիրները, որոնք անհրաժեշտ է լուծել համատեղ ջանքերով:

  ՊԵՏԽ-ի ներկայացուցիչ, ծրագրերի համակարգող Աննա Սալնիկովան մասնակիցներին ներկայացրեց Արհմիությունների Միջազգային Կոնֆեդերացիայի կառուցվածքը, խնդիրները: Գործնական աշխատանքների միջոցով մասնակիցներին ծանոթացրեց արհմիութենական տարբեր հիմնահարցերը կազմակերպչական գործառույթներով լուծելու մեթոդներին:

  Մասնակիցները ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին բարձրացված և լուսաբանված խնդիրների նկատմամբ:

  Սեմինարի աշխատանքներն ամփոփեց ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար – պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը: Նա կարևորեց արհմիութենական շինարարության գործում սկզբնական արհմիութենական կազմակերպությունների դերը և նրանում կազմակերպչական գործառույթների ակտիվացումը: