ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի աշխատավորներ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Աշխատանքի օրվա առթիվ, մաղթում արժանապատիվ աշխատանք` հանուն ձեր ընտանիքների բարեկեցության և Հայաստանի Հանրապետության զարգացման:
Ավանդության համաձայն մայիսմեկյան տոնը աշխարհի բոլոր արհմիությունների կողմից նշվում է որպես աշխատողների համերաշխության օր: Այդ օրը արհմիություններն արտահայտում են իրենց վճռականությունն ու համերաշխությունը սոցիալական արդարության, խաղաղության և արժանապատիվ աշխատանքի համար մղվող պայքարում:
2017 թվականին մայիսմեկյան տոնը նշվում է երկրագնդի տարբեր վայրերում ընթացող լարված ու մտահոգիչ իրադարձությունների համայնապատկերում, որը բնութագրվում է հետզհետե աճող քաղաքական լարվածությամբ, տնտեսական անկայունությամբ և միջազգային ահաբեկչության ընդլայնմամբ: Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում չդադարող զինված հակամարտությունները, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում տեղի ունեցող էթնիկ բախումները, արտագաղթողների և փախստականների անկառավարելի տեղաշարժը լուրջ խոչընդոտ են համաշխարհային տնտեսության զարգացման համար: Արդեն իսկ նկատելի են տնտեսության մեջ ոչ ֆորմալ զբաղվածության ընդլայնումը, արդյունքում նվազում են աշխատողների եկամուտների և սոցիալական ապահովության մակարդակը, որպես հետևանք ավելանում է ծայրահեղ աղքատությունն ու գործազրկությունը մասնավորապես երիտասարդության շրջանում:
Համաշխարհային տնտեսության մեջ առկա խնդիրները չեն շրջանցել նաև Հայաստանը: ՀԱՄԿ-ը բազմիցս առաջարկել է ՀՀ կառավարությանը սահմանել նվազագույն կենսամակարդակի և նվազագույն սպառողական զամբյուղի չափը, սակայն դրական տեղաշարժն առայժմ տեսանելի չէ: Ուստի ՀԱՄԿ-ի գլխավոր խնդիրն է կրկնապատկել աշխատողների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանության համար գործադրած ջանքերը:
Աշխատանքի օրվա առթիվ ՀԱՄԿ-ը կրկին շնորհավորում է արհմիության անդամներին, բոլոր աշխատողներին, մաղթում Հայաստանի շենացման վերընթաց ուղին կերտելու հաստատակամություն, ուժ ու եռանդ:
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ