Երևան, 24.11.2024

Կայքի հին տարբերակը

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՈՒՆԸ

  Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 28-ը հայտարարվել է Աշխատանքի պաշտպանության օր:

  Այդ օրվա նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել աշխատավայրերում անվտանգության ապահովման և առողջության պահպանման հետ կապված հարցերի վրա, ինչպես նաև ցույց տալ, թե աշխատանքի անվտանգության մշակույթի ձևավորումն ու զարգացումն ինչպես կարող է նպաստել աշխատավայրերում առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ստեղծմանը և դժբախտ դեպքերի ու մասնագիտական հիվանդությունների կանխարգելմանը, աշխատանքի որակի և արտադրողականության բարձրացմանը:

  2017 թվականի Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա թեման է <Աշխատանքի պաշտպանության վերաբերյալ տվյալների հավաքագրման և օգտագործման օպտիմալացումը>: Աշխատավայրերում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների վերաբերյալ տվյալների հավաքագրումը կարևոր նշանակություն ունի դրանց կանխման, պատճառների վերլուծության և աշխատատեղերի ռիսկերի գնահատման համար:

  Առողջ և անվտանգ աշխատանքային պայմանները յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքներից մեկն է: Սա նշանակում է, որ ելնելով աշխատանքի տեսակից` աշխատանքային պայմանները պետք է լինեն հնարավորինս անվտանգ և անհարկի ռիսկերից զերծ:

  Աշխատավայրերում դժբախտ պատահարները հաճախ տեղի են ունենում գործատուների կողմից աշխատանքի պաշտպանության հարցերի, անվտանգության տեխնիկայի ուսուցման նկատմամբ անբավարար ուշադրության արդյունքում, ինչն էլ հանգեցնում է արտադրական վնասվածքներին, մահացության և մասնագիտական հիվանդությունների առաջացմանը:

  Աշխատանքի պաշտպանության որորտի բազմաթիվ խնդիրների կարգավորման նպատակով անհրաժեշտ է ստեղծել աշխատանքի հիգիենայի և անվտանգության ազգային համակարգ, ինչը բխում է միջազգային իրավունքի նորմերի պահանջներից:

  Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունը և վերահսկողությունը մինչև 2013 թվականը իրականացնում էր ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը, մինչդեռ ՀՀ կառավարության որոշմամբ հետագայում ստեղծված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության գործառույթներից դուրս են մնացել կարևոր նշանակություն ունեցող հետևյալ լիազորությունները`

  - գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացումը,

  - աշխատանքային պայմանագրերի կնքման և լուծման կարգի պահպանման, աշխատանքի ընդունման և ազատման մասին իրավական ակտերի ընդունման և պահպանման, անօրինական աշխատանքների հայտնաբերման, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացումը,

  - օրենսդրությամբ սահմանված կարգով կոլեկտիվ պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքը, հսկողությունը և վերահսկողությունը, անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը` աշխատողների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ:

  Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի որոշմամբ սահմանափակվել են նաև նշված տեսչության կողմից իրականացվող ուսումնասիրությունները:

  Մինչ օրս օրենսդրորեն չի կարգավորվել նաև դեռևս 2004թ. օգոստոսից հետո լուծարված կազմակերպություններում աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով տուժված շուրջ 800 անձանց վնասի փախհատուցման հասանելիք գումարների չվճարման հարցը:

  Հանրապետությունում բացակայում է աշխատավայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգը, որի ներդրմամբ կարող է կարգավորվել նաև վերոնշված խնդիրը:

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան գտնում է, որ անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմանների իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու համար պետական քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի աշխատողների կյանքի, առողջության և անվտանգության պահպանմանը:

 

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա