Երևան, 24.11.2024

Կայքի հին տարբերակը

Աշխատողը պետք է ունենա առողջության համար անվտանգ աշխատանքային պայմաններ

Աշխատողը պետք է ունենա առողջության համար անվտանգ աշխատանքային պայմաններ

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր է հայտարարել աշխարհի հանրության ուշադրությունը խնդրի վրա հրավիրելու նպատակով, ինչպես նաև ցույց տալու, թե աշխատանքի անվտանգության մշակույթի ստեղծումն ու զարգացումը ինչպես կարող են նպաստել աշխատավայրերում տարեկան մահացությունների թվի նվազմանը: Առաջին անգամ այս օրը նշվել է 2003-ին:


Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրը նշելու գաղափարը ծագել է զոհված աշխատողների հիշատակին նվիրված օրվանից, որն առաջին անգամ նշել են 1989 թ. ամերիկացի և կանադացի աշխատավորները՝ աշխատավայրում տուժած կամ զոհված աշխատողների հիշատակի պատվին:

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


Աշխատանքի իրավունքը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է որպես աշխատանքի ընտրության ազատության իրավունք: Աշխատանքային մյուս իրավունքները սահմանված են ՀՀ Աշխատանքային օրենսգրքով, Զբաղվածության մասին ՀՀ օրենքով, Ձեռնարկատիրության և ձեռնարկատիրական գործունեության մասին ՀՀ օրենքով և այլ օրենքներով: Դրանցով, մասնավորապես, սահմանված են արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, հանգստի և ամենամյա արձակուրդի իրավունքը, անվտանգության և հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունքը: Թե՛ սահմանադրության մեջ, թե՛ նշված օրենսդրական ակտերում ներառված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և Սոցիալական խարտիայով ամրագրված հիմնարար սկզբունքները:


Թեև վերջին շրջանում աշխատողների շահերի պաշտպանության նկատառումով իրականացվել են բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ, այնուհանդերձ աշխատողների իրավունքների կոպիտ խախտումները շարունակվում են: Դրանց իրական ցանկը բավական ընդգրկուն է՝ աշխատավարձի չվճարում ամիսների ժամանակահատվածում (հիմնականում գիշերային աշխատաժամերին), արձակուրդայինների և օրապահիկների չվճարում, աշխատանքային պայմանագրում աշխատավարձից ցածր աշխատավարձի գրանցում, աշխատանքային պայմանագիր կնքելուց հրաժարում, ինչը հանգեցնում է ստվերային աշխատաշուկայի ձևավորմանը, որտեղ աշխատողի իրավունքները պաշտպանված չեն, գործատուների կողմից աշխատողների կյանքի և առողջության համար աշխատանքի անվտանգ պայմանների ապահովման օրենքի պահանջի անտեսում և այլն:
Հայաստանում, որտեղ լուծված չէ զբաղվածության խնդիրը, իսկ գործազրկության տոկոսը բավականին բարձր է թույլատրելի մակարդակից, աշխատողները խոցելի սոցիալական խավ են, հաճախ աշխատանքը չկորցնելու համար ստիպված են լինում համակերպվել իրենց իրավունքների ոտնահարման հետ: Հասկանալի է, որ աշխատողի անհամաձայնություն հայտնելու կամ իր իրավունքների պաշտպանությանը դիմելու դեպքում կարող են ստեղծվել լարված հարաբերություններ, որոնք անհնարին կդարձնեն հետագա աշխատանքային հարաբերությունները: Նման իրավիճակում գործատուն, անտեսելով աշխատանքային պայմանագիրը, փորձում է ազատվել անցանկալի աշխատողից, վերջինս էլ ամիսներ, անգամ տարիներ ձգվող դատական գործընթացներում փորձում է վերականգնել իր խախտված իրավունքը: Սակայն ոչ բոլորն ունեն համբերություն, համառություն և դատական գործընթացների համար անհրաժեշտ գումար, ուստի միակ ելքը գործատուի սահմանած կանոններին համակերպվելն է: Թվում է՝ այդպես է գրեթե ամենուր՝ խոշոր ձեռնարկություններից մինչև սպասարկման ոլորտ, սակայն, երբեմն արդարացի դատավարությունն ավարտվում է գործատուի պարտությամբ:

 

ԹԵԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔԵՐԸ ԼՎԱՑ, ԲԱՅՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ ՉԵՆ


Կար ժամանակ, երբ աշխատողների իրավունքների պաշտպանության երաշխավոր էին հանդիսանում ՀՀ աշխատանքի պետական տեսչությունն ու Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, որոնք ձեռնարկությունների և գործարանների ղեկավարների համար անցանկալի «հյուր» էին: Սակայն կառավարության որոշմամբ նրանց լիազորությունները սահմանափակվեցին:
ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի 857-Ն որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը միաձուլման ձևով վերակազմակերպվեցին ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության: Այս որոշման արդյունքում Հայաստանում այլևս չկա աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի նորմատիվ դրույթների կատարման պահանջների նկատմամբ պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնող առանձնացված պետական մարմին: Նախկին տեսչության փոխարեն Առողջապահական պետական տեսչության կազմում ձևավորվել են Աշխատանքի անվտանգության նկատմամբ վերահսկողության և Աշխատանքային օրենսդրության նորմերի պահպանման վերահսկողության բաժիններ: Իսկ ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 572-Ն որոշմամբ՝ տեսչության աշխատանքային օրենսդրության նորմերի պահպանման վերահսկողության բաժինը միացման ձևով վերակազմակերպվել է աշխատանքի անվտանգության նկատմամբ վերահսկողության բաժնի:


«Իրատեսի» հետ զրույցում Աշխատանքի անվտանգության նկատմամբ վերահսկողության բաժնի պետ ԱՐԱ ՄԿՐՏՉՅԱՆՆ ասաց, որ օրենսդրության փոփոխությունների արդյունքում տեսչությունը հսկողություն և վերահսկողություն է իրականացնում միայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքով և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերով սահմանված աշխատանքի անվտանգության ապահովման և աշխատողների առողջության պահպանման նորմեր պարունակող իրավական ակտերի կիրարկման նկատմամբ: Նրա տեղեկացմամբ` Առողջապահական պետական տեսչությունը 2014 թվականից մինչև 2015 թվականի վերոնշյալ փոփոխությունները աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ ստացել է 236 դիմում-բողոք, որոնց հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ: Հարուցված վարչական վարույթների արդյունքում վերականգնվել են 211 դիմումատուների խախտված աշխատանքային իրավունքները, որոնցից 98-ի դեպքում խախտումները վերացվել են տեսչության տված պարտադիր կատարման հանձնարարականների արդյունքում, իսկ 113-ի դեպքում աշխատողների խախտված աշխատանքային իրավունքները վերականգնվել են անմիջապես վարչական վարույթների ընթացքում: Իրականացված ստուգումների և հարուցված վարչական վարույթների արդյունքում վերականգնվել և աշխատողներին է վճարվել մոտ 280 միլիոն դրամ աշխատավարձ:

 

ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ԴԵՌԵՎՍ ԶՍՊԱՇԱՊԻԿ ՉԷ


Տարեցտարի գրանցվող գործազրկության աճն ու կենսամակարդակի անկումը, աշխատավայրերում աշխատանքի անվտանգության կանոնների խախտման պատճառով տեղի ունեցած դժբախտ դեպքերի վիճակագրությունը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային (ՀԱՄԿ) պարտավորեցնում են կրկնապատկել աշխատողների աշխատանքային իրավունքների ու շահերի պաշտպանության, աշխատանքի անվտանգությանն ու կենսամակարդակի բարելավմանն ուղղված ջանքերը: ՀԱՄԿ-ի սոցիալ-տնտեսական և աշխատանքի պաշտպանության բաժնի պետ ԿԱՐԻՆԵ ՄԱԴՈՅԱՆԻ փոխանցմամբ՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2016 թ. աշխատավայրերում արձանագրվել է 27 դժբախտ դեպք, որից 1-ը՝ մահացու ելքով: Մասնագիտական հիվանդության պատճառով տարբեր խմբերի հաշմանդամ է դարձել 438 մարդ: Աշխատանքի անվտանգության պահպանման միջոցառումների վրա 2016 թ. ծախսվել է 580,7 մլն դրամ, որից շուրջ 70 %-ը արտահագուստի (82,4 մլն դրամ), անհատական պաշտպանության միջոցների ձեռքբերման (355 մլն դրամ) և միայն 30 %-ը աշխատանքային պայմանների բարելավման վրա:


Անդրադառնալով աշխատավայրում ոչ միայն աշխատողների, այլև կազմակերպության տնտեսական զարգացման համար անվտանգության և առողջության համակարգերի կիրառման նպատակահարմարության հարցին՝ Կ. Մադոյանն ասաց. 
-ՀՀ աշխատանքային օրենսգրքի 245-րդ հոդվածով սահմանված է, որ յուրաքանչյուր աշխատողի աշխատավայրը և շրջապատող միջավայրը պետք է լինեն անվտանգ, հարմար և առողջության համար անվնաս, կահավորված՝ աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, ինչը պարտավոր է ապահովել գործատուն: Սակայն հաճախ գործատուն հարկ չի համարում բավարար չափով ֆինանսավորել աշխատանքի անվտանգությունը ապահովող միջոցառումները՝ վտանգի տակ դնելով աշխատողի կյանքն ու առողջությունը: Մինչդեռ արտադրությունում տեղի ունեցած յուրաքանչյուր դժբախտ դեպք պահանջում է ֆինանսական ծախսեր, որոնք բազմակի գերազանցում են աշխատանքի անվտանգությունը ապահովող միջոցառումների համար ծախսվող գումարը:


Կ. Մադոյանի փոխանցմամբ` երբեմն անմխիթար վիճակում են հայտնվում հատկապես իրավահաջորդ չունեցող լուծարված կազմակերպությունների՝ խեղման պատճառով տուժած աշխատողները: Եթե ՀՀ կառավարության 1992 թ. նոյեմբերի 15-ի թիվ 579 որոշման 16-րդ կետի համաձայն նրանց վնասի փոխհատուցումը վճարվում էր պետական բյուջեի հաշվին, ապա 2004 թ. հուլիսի 22-ի թիվ 1094Ն որոշմամբ դադարեցվել է այդ գումարների վճարումը, և վճարման այլ աղբյուր չի նախատեսվել: 2004 թ. օգոստոս ամսից հետո լուծարված կազմակերպություններում աշխատավայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների պատճառով տուժած շուրջ 800 անձանց առայսօր չեն վճարել վնասի փոխհատուցման գումարները: Արդյունքում նշված անձինք աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության, աշխատունակության կորստի պատճառով զրկվել են նաև կենսաթոշակի անցնելու համար բավարար աշխատանքային ստաժ կուտակելու և ավելի բարձր կենսաթոշակ ստանալու հնարավորությունից:

 

ԵՐԲ ՄԻ ԽԵԼՔԸ ԼԱՎ Է, ԵՐԿՈՒՍԸ՝ ԱՎԵԼԻ ԼԱՎ


ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով աշխատողի անվտանգ աշխատանքի և առողջության համար ապահով աշխատանքային պայմանների, աշխատավայրի կահավորման վերաբերյալ պահանջների կարևորությունը, ՀՀ Աշխատանքային օրենսգրքով նախատեսել և մանրամասն կարգավորել է վերոհիշյալ հարցերը: Այդ պահանջներն անհրաժեշտ են հատկապես ռիսկային այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, սննդի արտադրությունը: Այս առումով կարևոր է առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովմանն աջակցելու, ինչպես նաև դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման նպատակով Հայաստանի լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻ մշակած և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը ներկայացրած հանքարդյունաբերության, մետալուրգիայի և ոսկերչության ոլորտում ըստ աշխատատեղերի՝ աշխատանքի պայմանների կահավորման կարգի վերաբերյալ առաջարկը: Է. Փահլևանյանի համոզմամբ` խիստ ռիսկային համարվող այս ոլորտում կահավորման կարգի դրույթները օգտագործվում են աշխատանքի պայմանները աշխատանքի պաշտպանության պետական նորմատիվների պահանջներին համապատասխանեցնելուն ուղղված միջոցառումների մշակման և իրականացման, վնասակար կամ վտանգավոր աշխատանքային պայմաններում և այլ հատուկ բնույթի աշխատանքներում աշխատողների համար աշխատաժամանակի կրճատման տևողության, ամենամյա լրացուցիչ վճարովի արձակուրդի, հավելյալ վարձատրության սահմանման, աշխատավայրում աշխատանքային պայմանների վիճակի հսկման մասնագիտական ռիսկի գնահատման, աշխատանքային պայմանների և վնասակար և վտանգավոր աշխատանքային պայմաններում աշխատելու համար փոխհատուցումների վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունների պատրաստման, ըստ աշխատանքի պաշտպանության պահանջների աշխատողների սանիտարա-կենցաղային, բժշկական ապահովման և բազմաթիվ այլ նպատակներով:


Հայաստանի գործատուների միության նախագահ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԻ համոզմամբ, աշխատանքի պաշտպանության ոլորտում առաջացած խախտումների վերացումը լիակատար չի կարող համարվել առանց այդ խնդիրները ստեղծող պատճառների հիմնարար վերլուծության: Իսկ պատճառները բազմաթիվ են, սկսած ոչ միայն աշխատողների, այլև որոշ գործատուների ինչպես անբավարար մասնագիտական գիտելիքների, այնպես էլ աշխատանքային իրավունքների մասին իրազեկման պակասից: 
-Սակայն, փորձից ու վարպետությունից բացի, կարևոր է, որ աշխատողները տեղեկացված լինեն իրենց իրավունքների պաշտպանության ուղիների և դրանց գործնական կիրառության մասին: Առհասարակ, ցանկալի է, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի, աշխատանքի և դրա անվտանգության պահպանման վերաբերյալ գիտելիքները ներառվեն դպրոցական ծրագրերում,- ասաց Գ. Մակարյանը:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Սկզբնաղբյուրը` իրատես.am