Երևան, 22.11.2024

Կայքի հին տարբերակը

Եվրոպական արհմիությունների հերթական հանդիպումը Երևանում

Եվրոպական արհմիությունների հերթական հանդիպումը Երևանում

  Փետրվարի 20-21-ին Երևանում անցկացվեց Եվրոպայի հանրային ծառայության աշխատողների արհմիությունների դաշնության (EPSU) Հյուսիսարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տարեկան հանդիպումը: 

  Հանդիպմանը մասնակցում էին Վրաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Բելառուսի, Ուկրաինայի, ինչպես նաև Հայաստանի հանրային ծառայությունների բնագավառի արհմիության ղեկավարները, ովքեր ներկայացրին իրենց երկրներում արհմիության խնդիրները՝ կապված արհմիության իրավունքների, սոցիալական երկխոսության, կոլեկտիվ պայմանագրային գործընթացի, սեփականաշնորհման և ազատականացման գործընթացի, ինչպես նաև օպտիմալացման քողի ներքո պետական ապարատի աշխատողների կրճատումների հետ: Անդրադարձ եղավ նաև իրականացվող միջոցառումներին:
  Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը, Պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը, Կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Սեդա Հարությունյանը և Առողջապահության աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Գայանե Արմաղանովան:
  Հանդիպումը ղեկավարում էր Հյուսիսարևելյան Եվրոպայի տարածաշրջանի մշտական գործող կոմիտեի նախագահող Ալեքսեյ Ռոմանյուկը:
  Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիությունների դաշնության /EPSU/ Եվրոպայի հյուսիսարևելյան տարածաշրջանի համակարգող Վասիլի Շիլովն իր ելույթում անդրադարձավ կազմակերպչական մի շարք հարցերի:
  ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանը ներկաներին ուղղված ողջույնի խոսքից հետո ներկայացրեց հանրապետությունում ընթացող իրադարձություններն ու սոցիալ-տնտեսական իրավիճակը, նշեց, որ այս բնագավառին առնչվող խնդիրների քննարկումների ժամանակ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան առաջարկություններով մշտապես հանդես է գալիս Ազգային ժողովի և ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերում, մտահոգող հարցերի վերաբերյալ նամակներով դիմել է ՀՀ կառավարությանը: Իր զեկույցում Է. Թումասյանն անդրադարձավ նաև ճյուղային հանրապետական միություններում արհմիութենական կազմակերպությունների անդամությունը պահպանելու, նոր կազմակերպություններ ստեղծելու գործընթացում առկա խնդիրներին, որից հետո ներկաներին մաղթեց հաջողություններ հույս հայտնելով, որ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական կիրառումը կնպաստի նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, և որ այս հահանդիպումը նոր ուղենիշ կհանդիսանա աշխարհում և հատկապես տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակներում արհմիությունների առջև ծառացած խնդիրների կարգավորման համար: 
  Պետ-հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհմիության նախագահ Ա. Ասատրյանն իր ելույթում անդրադարձավ մասնավորապես պետական հիմնարկների արհմիությունների խնդիրներին: Նա մտահոգություն հայտնեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների արդյունքում աշխատողների աշխատանքային պայմանների վատթարացման վերաբերյալ: Նա նշեց, որ նախատեսվող փոփոխությունները քննարկվել են հանրապետական եռակողմ հանձնաժողովի օրերս կայացած նիստում, որտեղ արհմիության ներկայացուցիչները համապատասխան հիմնավորումներով դեմ են արտահայտվել նման փոփոխություններին:
Աշխատանքային օրենսգրքի նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ կառավարության տեսակետը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի բաժնի պետ Ժ. Սարգսյանը: Նա իր ելույթում կարևորեց նաև սոցիալական գործունեությունը հանրապետական մակարդակում, ներկայացրեց բնակչության զբաղվածության խթանման, սոցիալական աջակցության ուղղությամբ նախարարության կողմից տարվող աշխատանքերը:
  Նախարարության ժողովրդագրության բաժնի պետ, արհմիության նախագահ Վ. Բաբաջանյանը մասնակիցներին ներկայացրեց հանրապետության սոցիալական ժողովրդագրական տվյալները:
  Եվրոպայի հանրային ծառայության աշխատողների արհմիությունների դաշնության գլխավոր քարտուղար Յան Վիլլեմ Գաուդրիաանն ներկայացրեց դաշնության առաջիկա ծրագրերը՝ մասնավորապես 2017թ. աշխատանքային պլանը, հանրային ծառայությունների ինտերնացիոնալի համագումարի անցկացման, համագումարին մասնակցության, կանոնադրական փոփոխությունների և կազմակերպչական այլ հարցեր:
  Եվրոպայի հանրային ծառայության աշխատողների արհմիությունների դաշնության հրավերով հանդիպմանը մասնակցում էր նաև Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լ. Բադալյանը: Վերջինս իր ելույթում անդրադարձավ հիմնադրամ-արհմիություն հայաստանյան համագործակցությանը, առաջիկա ծրագրերին, ներկայացրեց նաև երիտասարդության շրջանում անցկացրած սոցիալ-տնտեսական լայնածավալ հետազոտության արդյունքները:
  Երկօրյա հանդիպման ընթացքում հրավիրված երկրների արհմիության նախագահները սեփական փորձի փոխանակման հնարավորություն ունեցան:

  Հանդիպումից հետո մասնակիցներն այցելեցին Հայաստանի հոգևոր կենտրոն՝ Էջմիածնի մայր տաճար: