Արհմիությունների արձագանքը <Ազգ-բանակ> կոնցեպցիային
Նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է հատուցման գումարներ վճարել զոհված զինծառայողների ընտանիքներին և այն զինծառայողներին, ովքեր հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ: Հատուցման գումարների վճարումն իրականացնելու և հավաքագրված դրամական միջոցները կառավարելու նպատակով առաջարկվում է ստեղծել հատուկ կառույց՝ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ, որի դրամական միջոցները կձևավորվեն յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրոշմանիշային վճարներից, ինչպես նաև հատուկ այդ նպատակով թողարկված արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրաբերություններից և նվիրատվություններից: Օրենքը կկիրառվի 2017 թվականի հունվար ամսից:
Վերոհիշյալ օրենքի նախագիծը թեև հետապնդում է համազգային նպատակներ և ուղղված է զինծառայողների և նրանց ընտանիքների աջակցությանը, այնուհանդերձ հանրության շրջանում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել, և քանի որ դրամական միջոցները պետք է ձևավորվեն աշխատող ֆիզիկական անձի աշխատավարձից, ուստի Հայաստանի արհմիությունները չէին կարող շրջանցել հարցը, որն իր մեջ պարունակում է ապահովագրական ռիսկայնության, հարկի և պարտադիր վճարի տարբերության, գումարների արդյունավետ ծախսման մեխանիզմներին, յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի դեպքում տարբերակված մոտեցում ցուցաբերելու նպատակահարմարության, այլընտրանքային միջոցներով անհրաժեշտ գումարի հայթայթման, հիմնադրամի գործունեության վերաբերող բազմաթիվ ենթահարցեր:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը <Ազգ- բանակ> գաղափարը համարում է վեհ և հավելում, որ հայ ժողովրդի պատմությունը հարուստ է այդ գաղափարի բազում դրսևորումներով:
-Ժողովուրդը միշտ էլ սատար է եղել զինվորին, օրհասական պահին՝ առավել ևս: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ապրիլյան դեպքերը դրա վառ ապացույցն են, երբ համայն հայությունը սատար կանգնեց հայկական բանակին: Բայց այս վեհ գաղափարը դարձնել պարտադիր հարկատեսակ, նշանակում է արժեզրկել այն:
Հայտնի են ֆինանսական աղբյուրներ, որոնք կարելի է ուղղել նորաստեղծ հիմնադրամին, ինչո՞ւ չօգտագործել այդ հնարավորությունը, փոխարենը աշխատողին պարտադրվում է մի նոր հարկատեսակ: Կարծում եմ, կամավորության սկզբունքի կիրառմամբ ավելի շատ գումար կհավաքվի, քան պարտադրանքով գանձվող գումարները կարող են լինել: Աշխատողի աշխատավարձի գանձումը պետք է լինի կամավոր սկզբունքով և պետք է նկատի առնվի յուրաքանչյուրի աշխատավարձի չափը, չէ՞ որ կան նվազագույն, միջին և բավականին բարձր աշխատավարձ ստացողներ, արդար չէ նրանցից գանձել միևնույն գումարը:
Հուսով եմ, որ նախաձեռնող խումբը հաշվի կառնի բոլոր առաջարկությունները, կմշակի և կստեղծի <Ազգ-բանակ> կոնցեպցիայի կիրառման առավել ճկուն մեխանիզմ:
Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանի կարծիքով «Ազգ-բանակ» ծրագիրը գործողության մեջ դնելուց առաջ անհրաժեշտ է մի ամբողջ շարք խնդիրներ ճիշտ ձևակերպել և հանրությանը թափանցիկ ներկայացնել: Մտահոգիչ հարցերը բազմաթիվ են. Հանրապետությունում քանի՞ գրանցված աշխատող կա և քանի՞սն է գտնվում նվազագույն աշխատավարձի շեմին, աշխատողների շուրջ 50%-ը գտնվում է ստվերում,ինչպե՞ս է լինելու վերաբերմունքը նրանց նկատմամբ, 1000-ական դրամի գանձումը հարկի տեսա՞կ է լինելու, թե՞ ոչ, որքանո՞վ է տրամաբանական, որ 56.000 ՀՀ դրամ մաքուր աշխատավարձ ստացողը և 560.000 և դրանից բազմապատիկ անգամ ավելի ՀՀ դրամ ստացողը ամսական վճարեն 1000-ական դրամ,առաջիկայում նվազագույն աշխատավարձի բարձրացում չի սպասվում, իսկ եթե լինի՞,վերանայվելո՞ւ է 1000-ական դրամի գանձման չափը:
-«Ազգ-բանակ» ծրագիրը կարող է աշխատել, եթե հասարակության կողմից ընդունվի, որ իշխանությունները ապահովելու են սոցիալական տարբեր շերտերի նկատմամբ յուրովի մոտեցում, կազմակերպելու են հավաքագրված գումարների մուտքերի և ծախսերի թափանցիկությունը և վերջապես սոցիալական արդարությունը լինելու է ոչ հռչակագրային,-ասաց Գ.Վաղարշակյանը:
Հայաստանի Կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ Գրիգոր Ղարիբյանի համոզմամբ յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի դեպքում անհրաժեշտ է ցուցաբերել տարբերակված մոտեցում:
-Ճիշտ է, այն , ինչ արվում է զինվորի համար, միանշանակ ընդունելի է, սակայն պետք է հիշել, որ հասարակության խոցելի խավ են հանդիսանում նաև ուսուցիչները: Ես առաջարկում եմ մինչև 100 հազար դրամ աշխատավարձ ստացողից չպահել գումար. Իսկ 100 հազարից բարձր և մինչև 300 հազար դրամ աշխատավարձ ստացողներից պահել 1000 դրամ, 300 հազարից բարձրի դեպքում՝ 2000 դրամ և այդպես շարունակ: Ուսուցիչների շուրջ 70 %-ը ստանում է մոտ 100 հազար դրամ աշխատավարձ, ում համար ամենամսյա 1000 դրամի պահումը ինքնին մեծ գումար է, քանի որ նրանց 1000 դրամն անգամ հաշված է: Կան ուսուցիչներ, ովքեր գյուղից գյուղ աշխատանքի գնալու համար 5 կմ ճանապարհը ոտքով է անցնում, որպեսզի խնայեն 100 դրամը: 70 հազար դրամ ստացող մարդու համար 1000 դրամը 1,5 տոկոս հարկային բեռ է նշանակում։Պետք է մտածել և մշակել ավելի նպաստավոր և գործուն մեխանիզմներ:
Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայության ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ Սեդա Հարությունյանը թեև դեմ չէ բանակին օժանադակելու գաղափարին, այնուհանդերձ գտնում է, որ նախապես պետք էր նախագիծը ներկայացվեր հանրային քննարկման, արհմիություններին՝ մասնավորապես:
-Մեր ճյուղի աշխատողների աշխատավարձը շատ ցածր է և անգամ 80 հազար դրամ ստացողից 1000 դրամի գանձումը մեծ գումար է այդ ընտանիքի համար: Ես առաջարկում եմ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողից պահել 500 դրամ, իսկ դրանից բարձր ստացողից թող պահել 1000-1500 դրամ, և այդ գումարն անպայման պետք է մտնի պետական բյուջե, այլ ոչ թե ուղղվի հիմնադրամ,-ասաց Ս. Հարությունյանը և հավելեց,- Յուրաքանչյուր ոք պատրաստ է վճարել 1000 դրամ, սակայն արդարության պակասն առաջացնում է անվստահություն հանրության շրջանում: Եվ միայն հիմնադրամի արդյունավետ և թափանցիկ կառավարման ապահովումը կնպաստի բարձրացնել վստահությունը հիմնադրամների հանդեպ:
Հանրային քննարկման և մասնավորապես արհմիությունների հետ քննարկելու անհրաժեշտությունը կարևորում է նաև Հայաստանի առևտրի և սննդի սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ Շմավոն Մկրտչյանը, ով համոզված է, որ պատերազմող մեր երկրի համար համազգային գաղափարն այսօր պետք է լինի հայոց բանակը:
-Առաջարկվող նախագիծն անմիջապես առնչվում է աշխատողների շահերին, որոնց աշխատանքային իրավունքների պաշտպանը հանդիսանում են արհմիությունները: Մինչդեռ առանց մեզ հետ քննարկելու այն ներկայացվել է Ազգային ժողով: Հաջորդ մտահոգիչ խնդիրը այս համատեքստում կամավորության սկզբունքի կիրառման նպատակահարմարությունն է: Պետությունը պարտավոր է ապահովել ֆինանսական հոսքերը և ուղղորդել դրանք առաջնային ոլորտները, որոնցից ամենակարևորը ռազմական ոլորտն է, այլ ոչ թե այն բարդել շարքային քաղաքացու ուսերին: Իրենց աշխատավարձից որոշակի՝ 20-25 % կազմող եկամտահարկի ամենամսյա վճարմամաբ նա արդեն կատարում է իր պարտականությունը: Աշխատողների եկամտահարկերից գոյացած ֆինանսական հոսքերն ուղղվում են բազմաթիվ, այդ թվում նաև պաշտպանության խնդիրների լուծմանը: Եվ, ի վերջո, քաղաքացին իր պարտքը կատարում է արդեն բանակում ծառայելով, իր աշխատավարձից եկամտահարկի վճարմամբ, գործատուն՝ հարկերի ձևով, կարծում եմ, կառավարությունը պետք է փնտրի ելքը այլ դաշտում՝ պայքարելով տնտեսության մեջ առկա ստվերի և կոռուպցիայի դեմ: Իսկ եթե լինի կամավորության հենքի վրա, ապա ես վստահ եմ, որ կլինեն մարդիկ, ովքեր ավելին կվճարեն,-ասաց Շ.Մկրտչյանը:
Ողջունելով <Ազգ-բանակ> գաղափարը և ռազմական ծախսերը երկրի համար համարելով առաջնային, միաժամանակ կասկածի տակ չդնելով օրենքի ընդունման անհրաժեշտությունը, ՀՀ լեռնագործների, մետաղագործների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ Էդուարդ Փահլևանյանը գտնում է, որ գաղափարը պետք է իրականացվի կամավորության սկզբունքով, իսկ այլ ոլորտներին հատկացվող անարդյունավետ հատկացումներն ուղղորդել ռազմական ոլորտ:
-Մեր երկրի ապահովության համար պատրաստ ենք հատկացնել ավելին, քան 1000 դրամն է, բայց եթե բանակին օժանդակելու համար ֆինանսական միջոցներ հայթայթելու անհրաժեշտություն է առաջացել, կարծում եմ, որ պետք է այն ընդունել ի գիտություն: Թեև օրենքը դեռ չի ընդունվել Ազգային ժողովի կողմից, սակայն արդեն իսկ մտահոգությունն առկա է: Կարծում եմ, աշխատողներից 1000-ական դրամները պետք է գանձել տոկոսային ինդեքսավորման մեխանիզմի կիրառմամբ: Մեր ճյուղային միության անդամների հետ այս թեմայի քննարկման ժամանակ հնչեցին աշխատավարձից գանձումները ինչ-որ կերպ փոխհատուցելու վերաբերյալ առաջարկներ, բացառելով գանձվող գումարի դեմ ուղղված բողքի ակցիաները: Տարվա կտրվածքով ամեն ամիս գանձվող գումարի չափը կազմում է 12000 դրամ, ինչը զգալի գումար է ցաձր վարձատրվող աշխատողի համար: Ուստի առաջարկում ենք յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից գանձումն իրականացնել համամասնորեն՝ ըստ աշխատավարձի սանդղակի,-ասաց Է.Փահլևանյանը:
ՀՀ պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճՀՄ-ի նախագահ Անահիտ Ասատրյանը գտնում է, որ աշխատանքային հարաբերություններին և աշխատողների շահերին վերաբերող ցանկացած հարց նախապես պետք է քննարկվի արհմիությունների հետ, ինչն այս դեպքում անտեսվել է:
-Միջին աշխատավարձ ստացող յուրաքանչյուր աշխատողի համար 1000 դրամը, կարծում եմ, իր բյուջեի համար էական փոփոխություն է:Սրանով խախտվում են թե ՀՀ աշխատանքային օրենսգրքի և թե Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի դրույթները: Այս որոշումը աշխատանքային հարաբերություններում փոփոխություն է ենթադրում, որին ես դեմ եմ: Բացի դա, հանրության շրջանում առկա է անվստահությունը տարատեսակ հիմնադրամների գործունեության հանդեպ, պատճառը դարձյալ արդյունավետ և թափանցիկ կառավարման բացակայությունն է:
-Հասկանում ենք, որ բանակին ամեն գնով աջակցել պետք է, սակայն շարքային աշխատողի աշխատավարձից 1000 դրամ գանձելը և այն էլ հարկադրաբար, նույնպես ճիշտ չէ, քանի որ կան գումարի հավաքագրման այլ աղբյուրներ: Բացի դա, աշխատողն արդեն իսկ վճարում է սոցապահովագրական գումարներ, որոնք ներառված են եկամտահարկում,-ասաց Ա.Ասատրյանը:
Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ Ժանետա Թորոսյանը պաշտպանության նախարարի ներկայացրած <Ազգ-բանակ> կոնցեպցիայի նախագիծը համարելով խորքային, այնուհանդերձ գտնում է, որ նախագծի կիրարկումը մակերեսային է:
-Նախագիծը կանխավ չի քննարկվել աշխատողների շահերի պաշտպան հանդիսացող արհմիությունների հետ, չէ որ 1000-ական դրամները գանձվելու են այդ աշխատողների աշխատավարձերից: 1000-ական դրամների փոխարեն ես կառաջարկեի խաղարկային տոմսերի վաճառքի տարբերակը: Ես ինքս սիրով կգնեի տոմսերը, թեկուզ չշահեի: Համոզված եմ, որ աշխատող-չաշխատող մարդիկ, ուսանողը, աշակերտը, անգամ թոշակառուն կգներ այդ տոմսը, հստակ իմանալով, որ այդ գումարներն ուղղվելու են հայ զինվորին ու բանակին:
Եվ հետո շրջանցվել է կամավորության սկզբունքը: Սխալ եմ համարում նաև անհամաչափ գանձման եղանակը: Ստացվում է, որ 60 000 դրամ աշխատավարձ ստացող երաժշտական դպրոցի ուսուցիչն ու 1 մլն դրամ աշխատավարձ ստացողը պետք է վճարեն միանման գումար, ինչն անարդար է,-նշեց Ժ. Թորոսյանը: