Երևան, 22.11.2024

Կայքի հին տարբերակը

Բուհերի ճյուղային արհմիությունը բարձրաձայնում է

Բուհերի ճյուղային արհմիությունը բարձրաձայնում է

«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը գտնվում է քննարկման փուլում, և Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունն ունի որոշակի առաջարկություններ հիշյալ նախագծի վերաբերյալ:

Ստորև ներկայացնում ենք մեր առաջարկությունները ժողովրդավարական երկրում արհմիության դերակատարումը գործատու-աշխատող փոխհարաբերություններում կարևորելու նպատակով:

«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծում անհրաժեշտ է էապես կարևորել բուհերի աշխատողների ներկայացուցիչների՝ արհեստակցական կազմակերպությունների դերակատարությունը: Օրենսդրական համապատասխան կարգավորումները կնպաստեն աշխատողների սոցիալական, աշխատանքային և մասնագիտական իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների կայացմանը:

Մասնավորապես առաջակվում է.

ա) Նախատեսել առանձին հոդվածներ աշխատողի սոցիալական երաշխիքների վերաբերյալ (գործող օրենքում թեպետ թերի, սակայն առկա են որոշ դրույթներ), իսկ առաջարկվող նախագծում` իսպառ բացակայում են:

բ) Սոցիալական երաշխիքների հոդվածում նախատեսել, որ բուհի ուսման և վճարովի այլ ծառայություններից գոյացած բյուջեի առնվազն 2%-ը պետք է տրամադրվի կոլեկտիվ պայմանագիր կնքած արհեստակցական կազմակերպությանը, որը խորհրդակցելով բուհի ռեկտորի հետ իրականացնում է համապատասխան ծրագրեր:

գ) Աշխատողների իրավունքների շարքում (հոդված 30, կետ 6) ավելացնել արհեստակցական կազմակերպություններին անդամակցելու իրավունքը, գործատուի գործողությունները, արհեստակցական կազմակերպություններում բողոքարկելու իրավունքը:

դ) Կառավարման մարմիններում (բուհի խորհուրդ, գիտական խորհուրդ) ի պաշտոնե ներգրավել կոլեկտիվ պայմանագիր կնքած արհեստակցական կազմակերպության ներկայացուցչին (նախագծի 22-րդ հոդվածի 3-րդ կետում ի պաշտոնե անդամների շարքում ավելացնել արհեստակցական կազմակերպության ներկայացուցչին և նախագծի 21-րդ հոդվածի 6-րդ կետում պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների թվում նախատեսել նաև կոլեկտիվ պայմանագիր կնքած արհեստակցական կազմակերպության կողմից առաջադրված մեկ ներկայացուցչի):

ե) Ռեկտորի լիազորությունների շարքում (23-րդ հոդվածի 6-րդ կետ) ավելացնել ռեկտորը (տնօրենը) կնքում է կոլեկտիվ պայմանագիր բուհի արհեստակցական կազմակերպության նախագահի հետ:

Կարծում եմ, օրենքի նախագիծն անհրաժեշտ է քննարկել բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատանքային կոլեկտիվներում, քանզի սոցիալական գործընկերության հիմնարար սկզբունքն է աշխատանքային փոխհարաբերությունները և աշխատողների սոցիալական շահերի պաշտպանությունը դարձնել թափանցիկ:

 

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ

 

Lragir.am

Հասարակություն - 13 Հուլիսի 2016, 14:36