Կայացել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը
Մայիսի 24-ին կայացել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: ՀԱՄԿ-ի կողմից նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամներ Բորիս Խարատյանը, Անահիտ Ասատրյանը, Սրապիոն Առաքելյանը, Հասմիկ Ջհանգիրյանը, Լաուրա Հակոբյանը և աշխատակազմի բաժնի պետեր Կարինե Մադոյանը, Միքայել Փիլիպոսյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված էր երեք հարց՝
1. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից 2015 թվականին աշխատանքի ոլորտում իրականացված աշխատանքների մասին տեղեկատվության ներկայացում: Տեսչության գործառույթների բարելավմանն ուղղված սոցիալական գործընկերների համատեղ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, ԱՄԿ տեխնիկական և փորձագիտական աջակցությամբ:
2. Հայաստանի գործատուների հանրապետական միության Աշխատանքի միջազգային կազմակերպության /ԱՄԿ/ հետ համատեղ իրականացված «Նպաստավոր գործարար միջավայր կայուն ձեռնարկությունների համար» վերլուծության արդյունքների կոնֆերանսում քննարկման ընթացքում արված առաջարկությունների օգտագործումը հետագա բարեփոխումների ընթացքում:
3. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացում և քննարկում:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության աշխատանքի անվտանգության նկատմամբ վերահսկողության բաժնի պետ Արայիկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից 2015 թվականին աշխատանքի ոլորտում իրականացված աշխատանքների մասին զեկույցը:
Քննարկման արդյունքում որոշվել է հանձնարարել տեսչությանը աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման նկատմամբ առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով մշակել առաջարկություններ և քննարկելուց հետո ներկայացնել տեսչական բարեփոխումների խմբին:
Բարձրացվեց նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության 155, 184,187 կոնվենցիաների վավերացման հարցը: Որոշվեց ուսումնասիրել և քննարկել նշված կոնվենցիաների վավերացման նպատակահարմարությունը:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ներկայացրեց թե ինչպես կարելի է հետագա բարեփոխումների ընթացքում օգտագործել Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ համատեղ իրականացված «Նպաստավոր գործարար միջավայր կայուն ձեռնարկությունների համար» վերլուծության արդյունքները:
ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որից հետո կողմերը ներկայացրեցին իրենց դիրքորոշումները:
Ըստ նեկայացված նախագծի մինչև 180 ժամ արտաժամյա աշխատանքի առավելագույն տևողության չափը և աշխատանքի չնորմավորված օրով աշխատողների համար ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունքը առաջարկվում է ուժը կորցրած համարել, իսկ հատուկ ընդմիջումներ, ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդ հատկացնելու, արտաժամյա և գիշերային, ինչպես նաև ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքերը կատարելու համար աշխատողին վճարվող հավելման չափը և հատկացման կարգն ու պայմանները առաջարկվում է թողնել կողմերի համաձայնությանը:
Պետական աշխատողների համար թվարկված հավելումների կարգն ու չափը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից, դրանով իսկ անհավասար պայմաններ կստեղծվի պետական բնագավառում աշխատողի և ոչ պետական աշխատողի միջև:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված նախագծով վատթարացվում է աշխատողների իրավական վիճակը և առաջարկվող փոփոխությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը, Վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիայի, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի դրույթներին, ուստի քննարկումների արդյունքում ՀԱՄԿ-ի ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին նախագծով ներկայացված փոփոխություններին: