Համատեղ սեմինար
Մայիսի 12-ին ՀԱՄԿ-ի դահլիճում Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների ու Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունները Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպել էին «Երիտասարդներին արհմիություններում ընդգրկելու շարժառիթները» թեմայով սեմինար սկզբնական արհմիութենական կազմակերպությունների շուրջ 60 ակտիվիստների համար:
Սեմինարում բացման խոսքով հանդես եկավ արդյունաբերության ոլորտի ՃՀՄ նախագահ Հ.Դանիելյանը:
ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բ.Խարատյանը զեկուցման մեջ հանգամանալից ներկայացրեց միջազգային կոնվենցիաներին և Հայաստանի օրենսդրությանը առնչվող բազմաբնույթ հարցեր:
ՀԱՄԿ-ի սոցիալ-տնտեսական և աշխատանքի պաշտպանության բաժնի պետ Կ.Մադոյանը իր ելույթում խոսեց աշխատանքի պաշտպանության հարցերի մասին: Իրավաբանական բաժնի պետ Մ.Փիլիփոսյանը ներկայացրեց ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին հոդվածներում տեղ գտած վերջին փոփոխությունները և մեկնաբանությունները:
Սեմինարի մասնակիցները զեկուցողներից ստացան գործնականում իրենց հուզող բազմաբնույթ հարցերի պատասխանները:
Սեմինարում ելույթ ունեցան ՀԱՄԿ-ի խորհրդի մշտական գործող երիտասարդական հանձնաժողովի նախագահ Վ.Վարդանյանը և արդյունաբերության ոլորտի աշխատողների ՃՀՄ-ի կանանց և երիտասարդության հանձնաժողովի նախագահ Հ.Նազարեթյանը:
Սեմինարում եզրափակիչ խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար – պատասխանատու քարտուղար Գ.Վաղարշակյանը, որը կարևորեց սկզբնական արհմիութենական կազմակերպությունների դերն ու նշանակությունը արհմիութենական շարժման գործում: