Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան չեղյալ է համարել մայիսմեկյան իրենց երթը. ԱՌԱՎՈՏ
Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը, այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց, որ հաշվի առնելով արցախյան իրավիճակը՝ չեղյալ են համարել իրենց մայիսի 1-յան երթը՝ համարելով որ այն չի համապատասխանում ստեղծված իրավիճակին:
Աշխատանքային հարաբերությունների եւ գոյություն ունեցող ստեղծված վիճակներից խոսելով՝ պարոն Խառատյանը նշեց, որ, չնայած հիմա օրենսդրությունը որոշ չափով պաշտպանում եւ նպատակաուղղված է կարգավորելու աշխատանքային հարաբերությունները, այնուամենայնիվ ունեն բազմաթիվ բացեր, թերություններ եւ խոսել աշխատանքային հարաբերությունների զարգացման մասին այն տեսանկյունից, երբ ունենք գործազրկություն 17% -ի չափով (որը գրեթե ամենաբարձրն է ԱՊՀ երկրների ցանկում), այսօր ժամանակավրեպ է համարում:
Նրա խոսքերով՝ անցած տարի շուրջ 500 մարդ է դիմել, որոնց աշխատանքային իրավունքները խախտված են եղել. «Որոշներին լուծում է տրվել՝ մոտավորապես 200 հոգու, բայց եղել են դեպքեր, որոնք հաստիքային կրճատման պատճառով են ազատվել աշխատանքից եւ ոչինչ չենք կարողացել անել»:
Մեկ այլ բանախոս էլ՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը նշեց, որ ուսումնասիրելով իրենց դիմած անձի փաստաթղթերը համոզվել են, որ իրոք խախտված է նրա աշխատանքային իրավունքը. «Մեզ հաջողվեց դատական բոլոր ատյաններում այդ գործը շահել եւ այդ աշխատողը վերականգնեց իր աշխատանքը՝ ստանալով մեկ տարուց ավելի հարկադիր պարապուրդի համար հասանելիք աշխատավարձը»:
Նրանց խոսքերով՝ դիմում են նաեւ փորձաշրջանի մեջ գտնվող անձինք, որոնց հետ գործատուները պայմանագիր չեն կնքում եւ առանձնացրեցին նաեւ այն հարցը, որ Հայաստանում առաջնային խնդիր է նվազագույն աշխատավարձը, որը կազմում է 55 հազար դրամ:
Հոդվածը կարող եք կարդալ այստեղ