Բրյուսելում կայացավ Պանեվրոպական տարածքային խորհրդի նիստը
2016թ. մարտի 21-ին Բրյուսելում կայացավ Պանեվրոպական տարածքային խորհրդի գործադիր կոմիտեի 9-րդ նիստը, որին մասնակցում էր Եվրոպական երկրների արհմիությունների շուրջ 100 ներկայացուցիչ: Նիստը վարում էր Պանեվրոպական տարածքային խորհրդի նախագահ Իրակլի Պետրիաշվիլին:
Մասնակիցները սահմանեցին Պանեվրոպական տարածքային խորհրդի 2016թ. հիմնական առաջնահերթությունները` միգրացիան և անդրազգային կորպորացիաները: Հատուկ ուշադրության արժանացավ Թուրքիայի արհմիությունների վրա կատարված հարձակումներն ու այդ երկրում ժողովրդավարության կրճատումը: Պանեվրոպական տարածքային խորհրդի գլխավոր քարտուղար Լուկա Վիսենտինին նշեց ամբողջ Եվրոպայում արհմիությունների իրավունքների խախտման դեպքերն ու մարտահրավերները, մատնանշելով հատկապես Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Բելառուսը և այլ երկրներ: Արհմիությունների Միջազգային Կոնֆեդերացիայի /ԱՄԿ/ գլխավոր քարտուղարի տեղակալ Յաապ Վինեն նարկայացրեց ԱՄԿ-ի 2016 թվականի աշխատանքի առաջնահերթությունները, կոչ անելով Պանեվրոպական տարածքային խորհրդի անդամ կազմակերպություններին աշխատել վերոնշյալ ծրագրի շրջանակներում:
Եվրախորհրդի արտաքին գործերի ծառայության ներկայացուցիչ Ֆրեդերիկ Շվանթը հանդես եկավ Եվրախորհրդի բարի դրացիական հարաբերությունների և քաղաքականության վերանայման ընթացքի վերաբերյալ ելույթով: Հանդիպման մասնակիցները մատնանշեցին գործող քաղաքականության հիմնական թերությունները, հատկապես` առաջնահերթությունների շարքում սոցիալական ասպեկտի և սոցիալական երկխոսության բացակայությունը: Հատուկ քննադատության ենթարկվեց Քաղաքացիական հասարակության ֆորումում ոչ կառավարական և նախագծային կազմակերպությունների գերակայության փաստը, ինչպես նաև սոցիալական գործընկերների և մի շարք այլ կազմակերպությունների դերի անտեսումը:
Նիստում քննարկվեց գլոբալ մատակարարման շղթաների կառավարման վերաբերող առաջնահերթ գործողությունները, որի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ԱՄԿ-ի խմբակցության և կոմունիկացիաների տնօրեն Թիմ Նունան, միաժամանակ ներկայացնելով ԱՄԿ-ի հաշվետվությունը: Արհմիությունների Միջազգային Կոնֆեդերացիայի խորհրդական Ժերուն Բեռնարդն անդրադառնալով Արհմիությունների և մարդու իրավունքների քաղաքականության ոլորտին, իր ելույթում նշեց ընթացիկ տարում Աշխատանքի միջազգային կոնֆերանսում վերոհիշյալ հարցի շուրջ պատրաստվող քննարկումների մասին: IndustriALL Եվրոպական ստորաբաժանման ներկայացուցիչ Միշա Տերժիկը ներկայացրեց արհմիութենական կարգավորման օրինակը Airbus- ում գների ձևավորման շղթաներում: Նիստի մասնակիցները վերլուծության և հնարավոր գործողությունների համար Գլոբալ արհմիությունների ֆեդերացիաների և նրանց եվրոպական կառույցների հետ համագործակցելու հեռանկարով որոշեցին ձևավորել անդրազգային կորպորացիաների ցուցակ:
Պանեվրոպական տարածքային խորհրդի գործադիր կոմիտեն ընդունեց նախորդ նիստի արձանագրությունը, գործունեության, այդ թվում կանանց և երիտասարդության հանձնաժողովների հաշվետվությունները, ֆինանսական հաշվետվությունն ու 2016թ. աշխատանքային պլանը: Նիստում ընդունվեց նաև Պանեվրոպական տարածքային խորհրդի վեհաժողովի կանոնակարգը որպես Պանեվրոպական տարածքային խորհրդի Կանոնադրության լրացում:
Նիստի աշխատանքներին մասնակցում էր Պանեվրոպական տարածքային խորհրդի գործադիր կոմիտեի անդամ, Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը:
Սկզբնաղբյուրը՝ http://perc.ituc-csi.org/