Տեղի ունեցավ Հայաստանի կրթության և գիտության Ճյուղային միության համագումարը
2016 թվականի փետրվարի 26-ին տեղի ունեցավ Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 4-րդ համագումարը, որի աշխատանքերին մասնակցում էր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը:
Համագումարին ներկա տարածքային, քաղաքային և արհեստակցական կազմակերպությունների 103 պատվիրակներին և հյուրերին Հայաստանի կրթության և գիտության ՃՀՄ-ի նախագահ Գրիգոր Ղարիբյանը ներկայացրեց կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները: Նրա հաշվետու զեկույցին հաջորդեցին արհմիութենական կազմակերպությունների պատվիրակների ելույթները, որոնք վերաբերում էին աշխատողների սոցիալ-տնտեսական և աշխատանքային իրավունքերի խախտման դեպքերին: Վերոհիշյալ խնդիրների լուծմանն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել հանրապետական միությունը:
Համագումարում ելույթ ունեցավ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը: Նա մասնավորապես նշեց , որ ՀԱՄԿ-ի կազմում Հայաստանի կթության և գիտության ՃՀՄ-ն իր անդամների քանակով լինելով ամենամեծը, կարողանում է լիարժեք օգտագործել ներուժը, որ ոչ միայն կառավարման բարձրագույն մարմիններին է հասցնում ոլորտի խնդիրները, այլև հետևողական քայլեր է ձեռնարկում դրանց լուծման համար: Է. Թումասյանը նշեց նաև, որ ճյուղային արհմիության կողմից բարձրացված խնդիրներն անարձագանք չեն մնացել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից, ավելին, ՀԱՄԿ-ը աջակցել է դրանց լուծման հարցում:
ՀԱՄԿ-ի նախագահն իր ելույթում անդրադարձավ հանրապետական միության և լրատվամիջոցների համագործակցության բացակայությանը, ընդգծելով, որ ՃՀՄ-ի գործունեության լուսաբանումը ոչ միայն կնպաստի ոլորտի խնդիրների հրապարակայնացմանն ու լուծմանը, այլև արհմիության կատարած աշխատանքների վերաբերյալ արհմիության անդամների տեղեկացվածությանը:
Համագումարում բաց քվեարկությամբ Հայաստանի կրթության և գիտության արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ վերընտրվեց Գրիգոր Ղարիբյանը: ՃՀՄ-ի նախագահի տեղակալ վերընտրվեց Սիրանուշ Խլղաթյանը:
Համագումարը հաստատեց ՃՀՄ-ի 2016-2020 թթ. գործունեության ծրագիրը, վերստուգիչ հանձնաժողովի կանոնակարգը և ընտրեց ղեկավար մարմիններ: