ՈՒղերձ արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրվա կապակցությամբ
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը 1999 թվականին հռչակել է <արժանապատիվ աշխատանք> գաղափարը, որի նպատակն է ազատության, աշխատանքի անվտանգության, պաշտպանվածության ու մարդկային արժանապատվության պայմաններում աջակցել կայուն աշխատատեղերի, աշխատողի ու նրա ընտանիքի կենսաապահովման համար բավարար միջոցների, առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ստեղծմանը, աշխատանքային իրավունքների հաստատմանն ու դրանց ապահովմանը, սոցիալական պաշտպանվածությանը, ինչպես նաև սոցիալական երկխոսության և սոցիալական գործընկերության համակարգի զարգացմանը:
Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան հոկտեմբերի 7-ը հայտարարել է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր և նշում է, որ ցանկացասծ երկրի կայուն զարգացումը, տնտեսական աճը հնարավոր չէ առանց արժանապատիվ աշխատանքի ապահովման: Աշխատողների իրավունքները պետք է հիմնաքար հանդիսանան երկրի տնտեսական, ֆինանսական, առևտրային և սոցիալական քաղաքականությունների մշակման համար: Աշխատանքի ոլորտում կայացած սոցիալական գործընկերությունը, առողջ սոցիալական երկխոսությունը, աշխատողների իրավագիտակցության բարձրացումը իրենց աշխատանքային և դրանց հետ կապված սոցիալական իրավունքների վերաբերյալ լավագույնս կնպաստեն յուրաքանչյուր երկրում արժանապատիվ աշխատանքի կերտմանն ու պահպանմանը:
Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրվա խորհուրդը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի համար իմաստավորվում է պատշաճ աշխատավարձի ապահովման, կայուն աշխատատեղերի ստեղծման, միասնական ուժերով աշխատավոր մարդու աշխատանքային շահերի պաշտպանության, ինչպես նաև աշխատանքի անվտանգության և պաշտպանության խնդիրների լուծման համար արհմիութենական կազմակերպություների համատեղ գործընթացով:
Յուրաքանչյուր աշխատող ցանկանում է ունենալ ապահով, արժանապատիվ աշխատանք և արդարացի վարձատրություն, որոնց շնորհիվ նա կհոգա ընտանիքի կարիքները, կունենա առողջությունը չխաթարող աշխատանքային նորմալ պայմաններ:
Բնակչության զբաղվածությունն ու մասնավորապես արժանապատիվ աշխատանքը մշտապես համարվել են ինչպես Աշխատանքի միջազգային կազմակերպության, այնպես էլ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գործունեության առանցքային հարցերը:
Հաշվի առնելով երկրում առկա գործազրկությունն ու որպես հետևանք շարունակ աճող արտագաղթը, ՀԱՄԿ-ը կոչ է անում արհմիութենական բոլոր կազմակերպություններին համերաշխհ գործունեությամբ նպաստել երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, հուսալով, որ համատեղ գործողություններով հնարավոր է խթանել արհմիութենական շարժման առաջընթացը:
ՀԱՄԿ-ը միաժամանակ լիահույս է, որ արհմիության անդամները ունենալով երաշխավորված աշխատանք, կդրսևորեն բավարար ճկունություն` աշխատաշուկայում իրենց գիտելիքն ու կարողությունն անկաշկանդ իրականացնելու համար:
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյան
07.10.2015թ.