Երևան, 22.11.2024

Կայքի հին տարբերակը

«Հարավկովկասյան երկաթուղիների» արհմիության նախագահը դատի է տվել ընկերության գլխավոր տնօրեն Ռեբեցին

  «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանը դատական հայց է ներկայացրել ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի դեմ:
Բանն այն է, որ «Հարավկովկասյան Երկաթուղիներ» ընկերությունում տևական ժամանակ է՝ շատ լուրջ խնդիրներ կան աշխատակիցների իրավունքների ոտնահարման հետ կապված: Ընկերությունը, կանգնած լինելով ֆինանսական լուրջ խնդիրների առջև, տևական ժամանակ է` վնասով է աշխատում և հսկայական պարտքեր է կուտակել: Հենց այդ խնդիրների պատճառով էլ ընկերությունը սկսել էր կրճատել աշխատակազմը, աշխատողների աշխատաժամը, սահմանել էր քառօրյա աշխատանքային շաբաթ, կրճատել էր աշխատավարձը:

  Բացի դրանից` տնօրինությունն աշխատողներին ստիպում էր իրենց հաշվին արձակուրդ գնալ` նվազագույնը 3 օր, ինչի արդյունքում ևս որոշակի գումար է խնայում:

  Այս ամենին զուգահեռ, տեղի էին ունենում կադրային կրճատումներ:

  Ընկերությունում ի սկզբանե աշխատում էր 4800 մարդ, իսկ հիմա մնացել է մոտ 3000 աշխատակից: Իսկ վերջերս խոսքը արդեն շուրջ 600 աշխատակցի զանգվածային կրճատման մասին է: Եվ տնօրինությունը հարմար պահ ու մեխանիզմ էր փնտրում՝ ազատվելու իր աշխատակիցներից:

  Աշոտ Խլղաթյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այլևս համբերել հնարավոր չէր: Ընկերության տնօրինությունն արդեն սկսել էր պայքարել արհմիության դեմ, առանց իրենց տեղյակ պահելու, տարբեր օրենքներ խախտելով՝ ոտնահարել աշխատողների իրավուքնները: «Էդ մարդը (նկատի ունի ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին) էլ օրենք չմնաց, որ չխախտեր. Սահմանադրությունից սկսած՝ խախտել է բոլոր օրենքները … Իրենք 40-60 միլիոն աշխատռավարձ են ստանում, բայց ամեն ամիս անօրինական կերպով պահում են 100-110 հազար դրամ աշխատավարձ ստացողի ախատավարձը: Էդ խեղճ աշխատողները էլ տեղ չունեն, գոտու վերջին օղակն են ձգել»,- ասաց Խլղաթյանը՝ հավելելով, որ իրենք մինչը վերջ գնալու են և այս հայցով հաջողության հասնելու պարագայում դիմելու են նաև դատախազություն՝ ընկերության գործունեությունը ստուգելու պահանջով:

  Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Սկզբնազբյուրը www.1in.am