Էդուարդ Թումասյան
Էդուարդ Թումասյանը ծնվել է 1947թ. հունվարի 18-ին Գյումրի (նախկին` Լենինական) քաղաքում, ծառայողի ընտանիքում:
1965թ. ավարտելով Գյումրիի Հովհ. Թումանյանի անվան N13 միջնակարգ դպրոցը, ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, որն ավարտել է 1970 թվականին և աշխատանքի անցել Լենինականի N4 բուժմիավորումում:
1971թ. սեպտեմբերին զորակոչվել է բանակ և ծառայել որպես կայազորի գլխավոր մասնագետ: Ծառայությունը ավարտելուց հետո աշխատել է Լենինականի զինվորական հոսպիտալում` որպես բաժանմունքի վարիչ:
1975թ. ապրիլին նշանակվել է Լենինականի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ, իսկ 1976թ. հոկտեմբերին ընտրվել է Լենինական քաղաքի բուժաշխատողների արհմիության քաղկոմի նախագահ: 1978թ. սեպտեմբերին ընտրվել է Առողջապահության աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի քարտուղար, 1986թ. նոյեմբերին` նույն կոմիտեի նախագահ: 1990թ. սեպտեմբերին Է. Թումասյանի նախաձեռնությամբ հրավիրվում է Բուժաշխատողների արհմիության Հայկական հանրապետական կոմիտեի համագումար, որտեղ ընդունվում է հռչակագիր, ըստ որի անվանափոխվում է ճյուղային միությունը, դառնալով Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական միության հանրապետական խորհուրդ և հաստատվում խորհրդի կանոնադրությունը,որի նախադեպը չուներ ՀԱՄԿ-ի կազմի մեջ մտնող ոչ մի ճյուղային միություն:
2003թ. ընտրվում է Առողջապահության միջազգային արհմիությունների փոխնախագահ:
2007թ. նոյեմբերին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի 2-րդ համագումարում ընտրվել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ: 2012թ. նոյեմբերի 23-ին կայացած ՀԱՄԿ-ի 3-րդ համագումարում վերընտրվել ՀԱՄԿ-ի նախագահի պաշտոնում: 2017 թ. հոկտեմբերի 6-ին ՀԱՄԿ-ի 4-րդ համագումարում կրկին վերընտրվել է ՀԱՄԿ-ի նախագահի պաշտոնում:
Էդուարդ Թումասյանը հանդիսանում է Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի գործադիր կոմիտեի անդամ, միաժամանակ անդամակցում է Արհմիությունների համընդհանուր դաշնության գործկոմին և խորհրդին:
Ամուսնացած է ունի երկու զավակ:
ՀԱՄԿ-ի 4-րդ համագումարում նախագահի տեղակալներ են վերընտրվել
Խաչիկ Առաքելյանը
Բորիս Խարատյանը