Աշխատաժամանակի /աշխատանքի և հանգստի/ ռեժիմի առանձնահատկությունները օդի +40 աստիճանի ցելսիուսից բարձր կամ -10 աստիճան ցելսիուսից ցածր ջերմաստիճանի պայմաններում
Պարզաբանում է ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը
Համաձայն Հայաստանի Հանարպետության Աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածի հաշվի առնելով աշխատանքի պայմանները, աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հատուկ ընդմիջում:
Հատուկ ընդմիջումներ տրամադրվում են, եթե աշխատանքը կատարվում է +40 աստիճան ցելսիուսից բարձր կամ -10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում: Հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում և վարձատրվում են միջին աշխատավարձի չափով:
Անդրադառնալով + 40 աստիճանից բարձր ջերմաստիճանի պայմաններում կատարվող աշխատանքներին պետք է նշել, որ հիշյալ ջերմաստիճանը պետք է լինի աշխատանքի վայրում:
Հատուկ ընդմիջումների տրամադրման կարգը սահմանվում է կազմակերպության ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, իսկ դրանց քանակը, տևողությունը և հանգստյան վայրը նախատեսվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով: