Երևան, 22.11.2024

Կայքի հին տարբերակը

Ժողովրդավարական արժեհամակարգով ընդվզում են թալանին

Ժողովրդավարական արժեհամակարգով ընդվզում են թալանին

  Ժողովրդավարությունը միջոց է իրականացնելու սոցիալական և իրավական պետությունում ամրագրված դրույթները:

  Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ ժողովրդի արդարացի պահանջը և խաղաղ ընդվզումը սոցիալական պայքարի նոր էջ բացեց:

  Այսօր արդեն պարզից էլ պարզ է, որ շարքային քաղաքացիները չեն ցանկանում ծախսած էներգիայի համար պատշաճ ձևով վճարելուց հետո խաբված լինել և հաշտվել սակագնի բարձրացման համար տրվող տարողունակ, երևակայական բացատրություններին՝ թե իբր տարին սակավաջուր է եղել, ատոմակայանը թերբռնված է հոսանք մատակարարել, իսկ դոլար-դրամ տատանումն էլ իր հերթին:

  Այս ամենը այնքան պարզունակ և ոչ լիարժեք ու ոչ մասնագիտական պատասխան է, որ պարզապես նոր հարցադրումներ են առաջ գալիս:

  1. Նախավերջին անգամ ե՞րբ և ի՞նչ պատճառաբանությամբ հիմնավորվեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Որքա՞ն էր կազմում ՀԷՑ-ի ֆինանսական կորուստը այդ ժամանակ:

  2. Ովքե՞ր են ՀԷՑ հոսանք մատակարարող կազմակերպությունները և ի՞նչ վիճակում է դրանց մոտ աուդիտը, ե՞րբ է այն եղել վերջին անգամ:

  3. Ե՞րբ է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը իբրև այդ ոլորտի ռազմավարությունը մշակող պատասխանատու լիազոր մարմին նկատել կամ բացահայտել թերացումները:

  4. Ո՞ւմ հայտնի չէ, որ էներգիայի հիմնական ծախսողները դրանք հիմնականում փոքր ի շատե ձեռնարկություններն են, արտադրական կազմակերպությունները, որոնք գտնվում են այս կամ այն հովանու ներքո, և մեկ էլ օլիգարխ իշխանավորների զվարճանքի օջախները, լողավազանները, սաունաները և գիշերային ակումբները, որոնց հոսանք շատ է պետք:

  5. ՀԷՑ-ը ներկայացրեց սակագնի բարձրացման առավել մեծ չափաբաժին: Հարց է ծագում՝ ի՞նչ հիմնավորումներով:

  6. Եվ վերջապես չբացահայտել կատարված թալանը և այն դնել ժողովրդի ուսերին նշանակում է այս սոցիալապես ճզմված ժողովրդին զրկել սոցիալական հարցերի բարձրաձայնումից:

  Հարկ է հիշել, որ սոցիալական հարցերում մանրուքներ չկան...:

  Խորհրդային տարիներին հինգշաբթի օրը հայտարարված էր ձկան օր սննդի բոլոր օբյեկտներում՝ Կալինինգրադից մինչև Վլադիվոստոկ, Մագադանից մինչև Մեղրի:

  Այսօր իշխանությունները փոխել են ճաշացանկը: Նրանք լուսադեմին մատուցում են «սակագինը ջրցանով», իսկ կեսօրին «աուդիտը բիբիով»: Մնում է սպասել ընթրիքին...:

 

  Գառնիկ Վաղարշակյան

  ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար 

 

Հոդվածի սկզբնաղբյուր՝ http://lragir.am