ԲՈՒՀԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը չկարողացավ լուծել ԵՊՀ արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիրը
Մանրամասն կարդացեք www.irates.am
ԵՊՀ Արհեստակցական կազմակերպության բաց նամակը
Նիկոլ Փաշինյանին
Մեծարգո´ պարոն վարչապետ,
Կատարելով ԵՊՀ արհեստակցական կազմակերպության արհկոմիտեի որոշումը՝ դիմում եմ Ձեզ հիշյալ խնդրի կապակցությամբ: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշմամբ հիմնադրամ հանդիսացող բուհերի համար փոփոխվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նախկին ձևը:
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը, անհանգստանալով գիտական ու գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձևի էական փոփոխության փաստով, դրանով պայմանավորված ԵՊՀ մի քանի հարյուր գիտական աշխատողների հնարավոր կրճատման խնդրով, հարկ է համարում դիմել Ձեզ հետևյալ հարցով:
Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման շրջանակում ԵՊՀ-ում գործում են 3 գիտահետազոտական ինստիտուտ և 30 գիտահետազոտական կենտրոն ու լաբորատորիա, որոնք ունեն ավելի քան 450 գիտաշխատող և այլ տարակարգի մասնագետներ: Գիտական այս ներուժի պահպանումն ու զարգացումը ոչ միայն համալսարանական, այլև հանրապետական ռազմավարական նշանակության խնդիրներ են, քանի որ ԵՊՀ-ն այսօր ապահովում է հանրապետության գիտահետազոտական արդյունքի մոտ մեկ երրորդը: Հաշվի առնելով այս ամենը՝ հարկ է շեշտադրել, որ գիտական գործունեության բարեփոխումները պետք է նպատակաուղղված լինեն ընդլայնելու և զարգացնելու առկա ներուժը՝ միաժամանակ ապահովելով բարեփոխումների անցնցում բնույթը:
Խնդրահարույց է նաև հարցի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացը, որը տեղի է ունեցել առանց շահագրգիռ կողմերի հետ լայն ու բովանդակային քննարկման, ինչը գիտաշխատողների արդարացի անհանգստության ու բողոքի լրացուցիչ պատճառ է դարձել: Միաժամանակ բարեփոխումների արդի փուլում, երբ օրակարգում են բարձրագույն կրթության և գիտական գործունեության մասին համապատասխան օրենսդրական նախաձեռնությունները, առավել արդյունավետ ենք համարում նախ և առաջ անդրադառնալ ոլորտի տարբեր հարցերի հայեցակարգային ու օրենսդրական կարգավորումներին, որից հետո միայն՝ գործնական դաշտ տեղափոխել ֆինանսավորման մեխանիզմների խնդիրը:
Բարձրացված խնդիրն ունի նաև սոցիալական բաղադրիչ: Նվազագույն աշխատավարձից գրեթե չտարբերվող վարձատրություն ստացող մտավորականները կարող են կորցնել աշխատանքը կառավարության հիշյալ որոշման հետևանքով: Գաղտնիք չէ, որ մեր հանրապետությունում գիտական աշխատողները ստանում են անընդունելի ցածր աշխատավարձ, ավելին՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային պետական ֆինանսավորումը տարիներ շարունակ նույնիսկ չի նախատեսել գիտական աշխատողների տարեվերջյան պարգևատրում (13-րդ աշխատավարձ): Ըստ էության, գործ ունենք մի իրողության հետ, երբ բուհական համակարգի բոլոր տարակարգերի աշխատողները ստանում են հիշյալ պարգևատրումը՝ բացի գիտաշխատողներից: Կարծում ենք՝ այս խտրական վերաբերմունքը ևս պետք է լուծում ստանա:
Միաժամանակ արհկոմիտեն նշում է, որ բուհերի և մյուս գիտահետազոտական հաստատությունների կազմակերպաիրավական ձևերի տարբերության պատճառով ստեղծվել են անհավասար պայմաններ, քանի որ կառավարության հիշյալ որոշումը տարածվում է միայն հիմնադրամի կարգավիճակ ունեցող հաստատությունների վրա:
Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Ներկայացնելով ԵՊՀ գիտաշխատողների անհանգստությունը` ևս մեկ անգամ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում առկա խնդրին և ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անունից խնդրում ձեռնարկել հարցի լուծմանն ուղղված քայլեր՝ պահպանելով գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նախկին ձևը մինչև ոլորտի օրենսդրական համապատասխան փոփոխությունները: Ամենևին կասկածի տակ չառնելով կառավարության կողմից որդեգրած կրթական և գիտական ոլորտների բարելավման անհրաժեշտությունը, առաջարկում ենք նախաձեռնել ոլորտի բարեփոխումների ընդգրկուն քննարկումներ՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Լիահույս եմ, որ բարձրացված խնդիրը կստանա համապատասխան լուծում, որը կբխի ինչպես բուհի զարգացման առաջնահերթություններից, այնպես էլ գիտաշխատողների մասնագիտական, սոցիալական և աշխատանքային իրավունքներից ու շահերից:
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյան
Սկզբնաղբյուրը՝ www.lragir.am
«Նախքան ուսուցիչներին պահանջներ ներկայացնելը պետությունը պարտավոր է հոգալ և լուծել առկա խնդիրները»
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակել է մանկավարժի վարքականոն (էթիկայի նորմեր), որն առայժմ ներկայացվում է նախագծի տեսքով: Այն սահմանում է ուսուցչի մասնագիտական էթիկայի հիմնադրույթները և ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները:
Նախագծի վերաբերյալ «Իրատես»-ը զրուցեց Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ ԳԱՌՆԻԿ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆԻ հետ:
-Պարոն Վաղարշակյան, ըստ Ձեզ, արդյո՞ք առաջնային և անհրաժեշտ էր Կրթության նախարարության կողմից մանկավարժի վարքականոնի վերաբերյալ նախագծի մշակումը, երբ կրթական ոլորտում առկա են բազում չլուծված հիմնահարցեր և կուտակված խնդիրներ:
-Նորություն չէ, որ կրթության համակարգում ամենակարևոր դերակատարումը ուսուցչինն է, քանի որ նա է կրթում ու դաստիարակում մեր վաղվա սերունդը` քաղաքացիների, որոնք պետք է ապահովեն տնտեսության առաջընթացը և պաշտպանեն երկրի անվտանգությունը: ՈՒսուցչի առաքելությունը ոչ թե մասնագետ պատրաստելն է, այլ ակտիվ, իր բարոյական կերպարով հասարակության համար պիտանի քաղաքացի դաստիարակելը: Այն երկրները, որտեղ կրթության ոլորտը համարվել է առաջնային և կարևորագույն, դարձել են տնտեսապես առավել զարգացած և ժողովրդավար: Մինչդեռ հետխորհրդային Հայաստանում առայսօր ամենախոցելի ոլորտը կրթության համակարգն է:
Վերջին երեսուն տարում այս համակարգում 15-16 նախարար է փոխվել, ինչը լրջորեն ազդել է կրթական ոլորտի ռազմավարության մշակման վրա, բնականաբար տեղ են գտել և լուրջ բացթողումներ: Ոլորտում կատարվել են ոչ այնքան արմատական, որքան մակերեսային փոփոխություններ: Փաստորեն, պետությունը չի մշակել ռազմավարական ծրագիր, թե 20 կամ 30 տարի հետո ինչպիսի քաղաքացի ենք ցանկանում ունենալ: Ցավոք, նախարարների հաճախակի փոփոխությունը՝ ամեն մեկն իր տեսլականով, իր քաղաքական կողմնորոշմամբ, ամեն մեկն իր քաղաքական կուսակցության պատվերով կրթական համակարգի զարգացման միջանկյալ ծրագիր է ներկայացրել, որը, պարզվել է, երկու-երեք տարվա կյանք է ունեցել, եկել է մեկ ուրիշ նախարար և այդպես շարունակ: Ամեն անգամ նման փոփոխությունները ազդել են համակարգի բնականոն զարգացման վրա, ինչն իր հերթին ազդել է նաև այդ համակարգում աշխատողների վարկանիշի վրա: Մինչդեռ կրթական համակարգն այն ոլորտն է, որին առնչվում են հասարակության լայն շերտեր` աշակերտը, ուսանողը, մանկավարժն ու դասախոսը և այդ համակարգի սպասարկման ոլորտի այլ մասնագետներ:
Պետք է նկատի ունենալ, որ ուսուցիչը մշտապես գտնվում է հանրության տեսադաշտում: Արդյունքում ստացվում է, որ ուսուցիչն ունի միայն պարտավորություններ և պարտականություններ` առանց իրավունքների: Պետության և նրա լիազոր մարմին կրթության և գիտության նախարարության կողմից ուսուցչի սոցիալական խնդիրներին վերաբերող հարցերը կարծես թե համարվել են երկրորդական ու երրորդական: Պետությունը ուսուցչի նկատմամբ պարտավորություններ չի ստանձնում` սահմանած չնչին աշխատավարձը համարելով բավարար: Դրա վառ ապացույցն է տարիներ շարունակ ուսուցչի աշխատավարձի բարձրացման խնդրի անտեսումը, և սա այն դեպքում, երբ ուժային կառույցներում մշտապես խրախուսման նպատակով բարձրացվում են աշխատավարձերը:
Ինչ վերաբերում է կրթության և գիտության նախարարության ներկայացրած այս նախագծին, ապա ցանկացած նախագիծ պետք է ծնվի ոչ թե կաբինետային քննարկման արդյունքում և հանրությանը ներկայացվի արդեն որպես պատրաստի փաստաթուղթ, այլ պետք է նախապես հանրության լայն շրջանակներում քննարկվի և մշակվի:
-Այս նախագիծը որքանո՞վ կնպաստի կրթության որակի, կրթական գործընթացի կատարելագործմանը:
-Երբ ծանոթանում ենք նախագծի պահանջներին, ապա ինձ անհասկանալի է ուսուցչի արտաքին տեսքին ու հագուկապին վերաբերող պահանջը: Իսկ հաշվարկե՞լ են արդյոք նրա աշխատանքի, աշխատաժամանակի դիմաց վարձատրության չափը, քանի որ ուսուցիչ լինելուց զատ նա նաև ունի ընտանեկան խնդիրներ և պարտավորություններ: Երբ սա չի դիտարկվում որպես սոցիալական խնդիր, ապա ստացվում է, որ ուսուցիչը պարտավոր է իր չնչին աշխատավարձով ապահովել վայելուչ հագուկապ: Մինչդեռ փորձագետների, արհմիությունների հետ մասնագիտական քննարկումները կօգնեին գտնելու առավել նպաստավոր լուծումներ` ինչպես բարելավել ուսուցչի սոցիալական վիճակը, չէ՞ որ նրանց է վստահված մեր երեխաների ապագայի կերտումը:
Ինձ զարմացնում է նաև ուսուցչից ազնիվ ու օրինապահ լինելու, կաշառք վերցնելու կամ տալու երևույթներից զերծ մնալու պահանջը: Իսկ կա՞ մի բնագավառ կամ ոլորտ, որտեղ խրախուսվում է կոռուպցիայով կամ կաշառքով զբաղվելը: Այստեղ բարոյական տեսակետից հատուկ շեշտադրումն է սխալ: Կարծում եմ, հարցադրումն իր լրջությունը կորցնում է ու նաև վիրավորական է ուսուցչի համար:
Իսկ վարքականոններ մշակողները հիշե՞լ են հեռավոր, սահմանամերձ գյուղերի ուսուցիչներին, հատկապես երբ դպրոցներ են փակվում, երբ առաջին դասարանի աշակերտը հարկադրված 4-5 կմ ճանապարհ է հաղթահարում հարևան գյուղի դպրոց հաճախելու համար, նույնը՝ ուսուցիչը: Այս մասին մտածե՞լ են երբևէ:
Դպրոցներից շատերում, և հատկապես հեռավոր համայնքներում, նյութատեխնիկական բազան, սոցիալական պայմաններն անմխիթար վիճակում են: Նախքան ուսուցիչներին պահանջներ ներկայացնելը պետությունը պարտավոր է հոգալ և լուծել առկա խնդիրները:
-Ըստ նախագծի, ուսուցիչը պետք է ունենա լեզվական բարձր մշակույթ, զերծ մնա գռեհկաբանությունից և ժարգոնից: Չե՞ք կարծում, որ այս պահանջը պետք է զետեղված լինի մանկավարժական բուհի կրթական ծրագրում:
-Կարծում եմ, ուսուցչի լեզվական մշակույթին ուշադրություն պետք է դարձվի ոչ թե դպրոցում, այլ մանկավարժական բուհում, և այդ ընթացքում պետք է երևա, թե ապագա մանկավարժն ունի՞ մանկավարժ դառնալու ունակություն, որ հետագայում կարողանա զարգացնել նաև կարողությունները: Դպրոցում չէ, որ պետք է մշակվի լեզվամտածողության որակը: Հասկանալի է, որ աշխատանքին զուգահեռ ուսուցիչը հետևողականորեն պետք է զբաղվի ինքնակրթությամբ, աշխատի իր որակավորման բարձրացման ուղղությամբ, որոնի աշխատանքի առավել արդյունավետ ուղիներ: Ժամանակակից տեխնոլոգիաների տիրապետման հարցում ուսուցիչը պարտավոր է մշտապես հետևելու իր մասնագիտական որակի բարձրացմանը: Դա ժամանակի պահանջն է:
-Ի՞նչ եք կարծում, վարքականոնը ուսուցչի կամ մեկ այլ մասնագետի դեպքում կօգնի՞ իր ոլորտում հասնելու կատարելագործման, եթե նրա բարոյահոգեբանական զինանոցում այդ հատկանիշները բացակայում են ի սկզբանե:
-Եթե այդպիսի վարքականոններ են մշակում, ապա կարելի է վարքականոններ մշակել նաև պետական այրերի, պատգամավորների համար նրանց խոսքի կուլտուրայի և քաղաքացիների հետ փոխհարաբերությունները ճիշտ պահպանելու համար, չէ՞ որ նրանք նույնպես վարքականոնի կարիք ունեն: ՈՒսուցչի համար նման մոտեցումը չեմ կարծում, թե կնպաստի նրա վարկանիշի բարձրացմանը: Փաստորեն ստացվում է, որ ուսուցչի գործողությունները մշտապես գտնվելու են հսկողության, մանրադիտակի տակ և սա իր ստացած չնչին աշխատավարձի պայմաններում:
Ի տարբերություն շատ աշխատանքների, ուսուցիչը չի կարող միաժամանակ մի քանի տեղ աշխատել:
Փաստորեն, առանց աշխատանքային իրավունքների պաշտպանության, սոցիալական պայմանների բարելավման, մենք ուսուցչին դարձնում ենք ոչ թե վաղվա սերունդ կերտող, այլ ուղղիչ աշխատանքային պարտականություններ կատարող անձ:
Զրույցը՝ Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ
Սկզբնաղբյուրը՝ www.irates.am
ԿԱՅԱՑԱՎ ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
5-ՐԴ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ
23.11.2018թ. տեղի ունեցավ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության 5-րդ կոնֆերանսը:
Հաշվետու 5-րդ կոնֆերանսի ընթացքում ԵՊՀ արհկոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի և վերստուգիչ հանձնաժողովի անդամ Ռոմիկ Հարությունյանի կողմից ներկայացված զեկույցները վերաբերում էին 2014-2018թթ. ընթացքում Արհկոմիտեի կատարած աշխատանքներին, ֆինանսական գործունեության ոլորտի որոշ ձեռքբերումներին:
Նիստի սկզբում ներկաներին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ռեկտորը կարևորեց ԵՊՀ-ի նման մեծ կոլեկտիվ ունեցող հաստատության համար Արհեստակցական կազմակերպության դերը:
Կազմակերպության նախագահն անդրադարձավ տարբեր ֆինանսական հարցերի և նշեց, որ դրանցում գերակա է եղել սոցիալական և մշակութային ծրագրերի իրականացումը: Ծրագրում առավել ընդգրկուն եղել է սոցիալապես անապահով աշխատակիցներին դրամական աջակցությունը: Ա.Ավետիսյանը ներկայացրեց համալսարանի աշխատողների համար ձեռք բերված բժշկական ապահովագրության փաթեթի և նորապսակ աշխատակիցների համար անվճար ուղեգրերի մասին: Հաշմանդամություն ունեցող ԵՊՀ բոլոր աշխատողների համար սահմանվել է աշխատավարձի հավելավճար:
Այնուհետև ԵՊՀ արհեստակցական կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը ներկայացրեց Ռ.Հարությունյանը:
Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի ուղերձը: Նա կարևորեց ԵՊՀ արհեստակցական կազմակերպության դերն ու նշանակությունը ողջ բուհական համակարգում:
Կոնֆերանսի ավարտից անմիջապես հետո էլ գումարվեց նորընտիր Արհկոմիտեի առաջին նիստը:
Առաջադրված միակ թեկնածուն Արմեն Ավետիսյանն էր, ով քվեարկության արդյունքներով միաձայն, 5 տարի ժամկետով ընտրվեց ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ:
Օրինագիծը ներկայացնելիս արվել են ապակողմնորոշող հայտարարություններ. Գառնիկ Վաղարշակյան
Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է.
«ՀՀ Ազգային Ժողովում օրինագծերի անմշակ ներկայացումը և հապշտապ ընդունումը մշտապես թողել է իր բացասական հետևանքները..., որոնց պտուղներն առօրյա կյանքում քաղում է ազգաբնակչությունը:
Օրերս առաջին ընթերցմամբ ընդունվեց «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նախաձեռնողը ԲՀԿ ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանն էր: Ի դեպ, նա ժամանակին կարճ ժամանակ եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար և, բնականաբար, առավել քաջատեղյակ ու նրբանկատ պետք է լիներ նման օրինագիծ պատրաստելիս, մշակելիս և ներկայացնելիս:
Ինչ խոսք, ԱԺ-ում նման ցայտնոտի և շտապողականության պարագայում, հավանաբար, «Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում» չեն կարողացել առավել ուշադիր քննարկել վերը հիշատակված օրինագծի խութերը և արհմիությունների անկախության հիմնահարցերը: Բոլոր դեպքերում նկատելի է, որ պատգամավորների ուշադրությունն այլ տեղում է եղել…:
Արդյունքում՝ օրինագիծը ներկայացնելիս արվել են ապակողմնորոշող հայտարարություններ, իբր թե գործատուն է ֆինանսավորում արհմիություններին: Դժվար է Հայաստանում գտնել արհմիութենական կազմակերպություններին ֆինանսավորող մեկ կամ երկու գործատու: Եթե նույնիսկ գործատուն կազմակերպության աշխատողների համար կազմակերպում է այս կամ այն միջոցառումները, դա ամենևին չի նշանակում, որ այդտեղ կա արհմիութենական կազմակերպություն: Հանրապետությունում գործող տրանս-ազգային կազմակերպություններում հիմնականում չկան արհմիութենական կազմակերպություններ, սակայն նրանց աշխատողների համար գործատուները գուցե և կազմակերպում են ինչ-ինչ միջոցառումներ:
Սա կրկին հաստատում է, որ նման աշխատանքային կոլեկտիվներում չկա արհմիութենական կազմակերպություն:
Օրինագծով նախատեսվում է տարբեր ոլորտների կազմակերպություններում աշխատողներին միավորել մեկ արհմիութենական կազմակերպությունում և նրանց շահերը պաշտպանել` առանց հաշվի առնելու ոլորտների առանձնահատկությունները:
Արհմիութենական շինարարության և շարժման հաջողությունը պայմանավորված է արհմիութենական անդամների միասնական ուժերով, ոլորտային և մասնագիտական առաջնահերթությունների կարևորմամբ:
Դժվար է կռահել, թե ԱԺ-ում 2-րդ ընթերցմամբ երբ կկազմակերպվի վերը հիշատակված օրինագծի քննարկումը: Սակայն այն պետք է բխի կազմակերպություններում աշխատող արհմիության անդամների շահերից և չվտանգի արհմիութենական կազմակերպությունների գործունեությունը:
Այսօր ԱԺ-ում առկա է որոշ պատգամավորների հուսահատությունը, մի մասի անտարբերությունը և մի քանիսի սպասումները:
Բոլոր դեպքերում նման մթնոլորտում «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ ընթերցմամբ ներկայացնելը շահեկան չէ ոչ մի առումով…»:
Սկզբնաղբյուրը՝ hayastan24.com
Արհեստակցական կազմակերպության կոնֆերանս
Շիրակի պետական համալսարանում
Դեկտեմբերի 12-ին Շիրակի պետական համալսարանի նորաբաց դահլիճում տեղի ունեցավ արհեստակցական կազմակերպության հերթական կոնֆերանսը:
2012-2017թթ. կազմակերպության կատարած աշխատանքների մասին հաշվետու զեկուցումով հանդես եկավ արհեստակցական կազմակերպության նախագահ պրոֆեսոր Վալերի Խաչատրյանը: Նա նշեց այն հիմնական աշխատանքները, որը կատարել է արհկոմը անցած տարիներին և առանձնակի կարևորեց նոր ծրագրերի իրականացումը:
Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Ասատրյանը ըստ տարիների նշեց արհեստակցական կազմակերպության հաշվարկային հաշվին կատարված ֆինանսական միջոցների շարժը` մուտքերը և ծախսերը: Կոնֆերանսում ելույթ ունեցողները` Սայադ Մինասյանը, Ազատ Մաթևոսյանը նշեցին կազմակերպության առջև ծառացած սոցիալական խնդիրները:
Կոնֆերանսում ելույթ ունեցավ Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը: Նա կարևորեց Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի դերը սոցիալ-տնտեսական հարաբերություններում, ինչպես նաև նշեց ռեկտորատ-արհեստակցական կազմակերպություն փոխհարաբերության անհրաժեշտությունը` իբրև բուհում գործող միակ սոցիալական գործընկեր:
Շիրակի համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը իր ելույթում նշեց արհմիությունների դերը և կարևորեց, որ կոլեկտիվի համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր է առաջընթաց ապահովել:
Կոնֆերանսի ավարտին տեղի ունեցավ արհեստակցական կազմակերպության ընտրությունները, որի նախագահ վերընտրվեց Վալերի Խաչատրյանը:
Բուհերի արհմիության 4-րդ համագումարում
Մայիսի 18-ին Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի դահլիճում հրավիրվել էր Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության հերթական 4-րդ համագումարը, որին մասնակցում էին 85 հրավիրված պատվիրակներից 72-ը:
Համագումարի աշխատանքներին մասնակցում էր ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը:
Հրավիրված էին ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալներ Բորիս Խարատյանը, Խաչիկ Առաքելյանը, Կրթության և գիտության աշխատողների ճյուղային հանրապետական միության նախագահ Գրիգոր Ղարիբյանը, ՀԱՄԿ-ի հասարակության հետ կապերի բաժնի պետ Սաթիկ Ղարախանյանը:
Համագումարում բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը: Այնուհետև նիստը վարեց Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Սարգսյանը:
2012-2017թթ. խորհրդի կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետու զեկույցով հանդես եկավ Ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը: Նա նշեց ոչ միայն կատարված աշխատանքները, այլև անդրադարձավ ոլորտում առկա համակարգային հիմնահարցերին, ինչպես նաև նշեց հասարակությանը հուզող այլ սոցիալական խնդիրներ:
Վերստուգիչ հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների մասին զեկուցեց Գավառի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահ Լևոն Սիրունյանը:
Երևանի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավետիսյանը իր ելույթում կարևորեց արհեստակցական կազմակերպությունների դերը բուհերում՝ իբրև սոցիալական գործընկեր:
ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը իր ողջույնի խոսքում կարևորեց ոլորտի դերը և նշանակությունը, ինչպես նաև առկա համակարգային խնդիրների նկատմամբ արհմիությունների մոտեցումները:
Բուհերի արհմիության 4-րդ համագումարում ԵՊՀ-ի արհկոմի նախագահ Արմեն Ավետիսյանի առաջարկությամբ ճյուղային հանրապետական միության նախագահ միաձայն վերընտրվեց Գառնիկ Վաղարշակյանը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ՝ Լևոն Սիրունյանը:
Պատգամավորը վերարտադրության նախաշեմին
Հասարակություն - 17 Նոյեմբերի 2016, 21:05
Ազգային Ժողովի 5-րդ գումարման ավարտին մնացել են հաշված օրեր և բնական է նոր ընտրական օրենսգրքի ընդունումից հետո առավել դժվար է լինելու պահպանել պատգամավորի մանդատը կամ աթոռը…: Մի խոսքով, վերարտադրվելը առավել մեծ ջանքեր է պահանջելու:
Պատգամավորներից ոմանք կնախընտրեն մանդատը հանձնել զավակներին, իսկ նոր սերնդի ներկայացուցիչները մեղմ ասած ամեն ինչ կանեն նորից ԱԺ-ում հայտնվելու համար: Մանդատը կամ աթոռը նոր հնարավորություններ և հորիզոններ է բացում այդ անհոգ աշխատանքում, ավելի ստույգ զբաղվածությունում:
Ազգային Ժողովում վերարտադրվելը իրենց ցանկությունն է, իսկ հասարակության խնդիրն է՝ անուն առ անուն ճանաչել նրանց և արժանավույն գնահատել: Պատգամավորներից ամեն մեկը յուրովի ճանապարհ է անցել մինչև հասել և հայտնվել է ԱԺ-ում:
2013թ. նոր սերնդի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ է ճանաչվել Վահե Էնֆիաջյանը՝ ըստ ԱԺ-ի կայքի տեղեկատվության: Կարծում եմ, 2015թ. փետրվարի 12-ին նա, իբրև ազդեցիկ քաղաքական գործիչ, ձայն չի հանել: Հավանաբար վերցրել է ընդմիջում՝ «իջնեմ ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»:
Փորձենք ծանոթանալ և տեղեկանալ, թե ինչ փորձառությամբ և ինչ նոր գաղափարներով է ցանկանում ԱԺ-ում վերարտադրվել վերը հիշատակված պարտգամավորը:
1992թ-ին 14 տարեկան հասակում ապագա պատգամավոր Վ.Էնֆիաջյանը ավարտել է Երևանի բիզնես-դպրոցը: Ի դեպ, այդ դպրոցի հետագա գոյության մասին ներկայումս բացակայում է որևէ տեղեկություն: Իսկ մինչև բանակ զորակոչվելը շուրջ 4 տարի կենսագրականում բաց էջ է…:
1999թ. ընդունվել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը և նույն թվականին դարձել այդ բուհի գիտական խորհրդի անդամ: Նման պրակտիկա երբևէ չի նշմարվել հանրապետությունում գործող որևէ պետական բուհում:
2003թ. ավարտել է վերը հիշատակված համալսարանը: Ի դեպ, մասնավոր բուհերի հավատարմագրման իրական գործընթացը սկսվել է ավելի ուշ:
2004-2009թթ., փաստորեն բուհը ավարտելուց անմիջապես հետո, նշանակվել է այդ բուհում պրոռեկտոր՝ դարձյալ եզակի դեպք բուհական համակարգում:
2009թ. ընտրվել է ԱԺ-ի պատգամավոր՝ ԲՀԿ-ի համամասնական ընտրակարգով:
Պատգամավորը ԱԺ-ում փորձել է իրեն դրսևորել տարբեր՝ «Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի», «Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի», «Եվրոպական ինտեգրման հարցերի», «Արտաքին հարաբերությունների» մշտական հանձնաժողովներում:
Անդամակցում է միջխորհրդարանական հանձնաժողովներին՝ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բարեկամական խմբերում:
Այս օրերին Ազգային Ժողովում քննարկվում է «Հաշմանդամության կամ զոհվելու դեպքում զինծառայողների օգտին ապահովագրական վճարումների մասին» օրինագիծը:
Պատգամավոր Վ.Էնֆիաջյանը ինքնատիպ (օրիգինալ) երևալու նպատակով առաջարկել է աշխատավարձի 1%-ը՝ արհմիութենական մասնահանումները ուղղել բանակի կարիքներին:
Ահա հենց այստեղ տեղին է նկատել, որ պատգամավորը Եվրամիության խորհրդարանական գործընկերների հետ և Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում ունեցած բազմաթիվ հանդիպումներում չի կարողացել ճիշտ գնահատել Եվրոպական արժեհամակարգում աշխատողների սոցիալական շահերի պաշտպանության խնդիրները, որոնք ամրագրված են Աշխատանքի Միջազգային Կազմակերպության կոնվենցիաներում:
Հավանաբար, պատգամավորը ամբողջությամբ ծանրաբեռնված լինելով գործուղումներով և ԱԺ-ի բազմաբնույթ հանձնաժողովներում ներկայանալի լինելու հանգամանքով, չի կարողացել գտնել ժամանակ ծանոթանալու ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան դրույթներին և «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
Ինչ խոսք, Ազգային Ժողովում վերարտադրվելու գայթակղությունը մեծ է, սակայն այդ նպատակին հասնելու համար, կարծում եմ, դժվար չի լինի Վահե Էնֆիաջյանին, իբրև տնտեսագիտության թեկնածու, ծանոթանալ ՀՀ-ում գործող օրենքների պահանջներին և այն յուրացնել:
Կարծում եմ, այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փնտրտուքի մեջ է, և ԱԺ-ի առաջիկա ընտրությունների նախաշեմին պատգամավորը ճիշտ նախընտրական թիրախ չի ընտրել…:
«Ազգ-բանակ» ծրագրի շրջանակներում իրական օգնություն կարող է ծառայել, եթե ԱԺ-ի պատգամավորների աննպատակ շրջագայությունները մի փոքր կրճատվեն և այն բարձրաձայնի պատգամավորը:
Գառնիկ Վաղարշակյան Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ
«Օֆշոր-բանակ»
Lragir.am 14 Նոյեմբերի 2016, 20:46
Aravot.am 15 նոյեմբերի, 2016, 10:24
Օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շրջանառության մեջ դրեց «Ազգ-բանակ» հնչեղ ծրագիրը:
Բայց մինչ այդ ապրիլի քառօրյա պատերազմի ընթացքում ի հայտ եկան մի ամբողջ շարք թերություններ, բացթողումներ, սխալներ, որոնք ՊՆ գեներալիտետի անհետևողական աշխատանքի արդյունքն էին: ՊՆ-ի որոշ դեպարտամենտների գեներալներ պաշտոնանկ եղան և նույնիսկ ձերբակալվեցին…:
Ի վերջո բարձրագույն իշխանությունը եզրակացրեց, որ բանակին տրված բյուջետային հատկացումները նպատակային ձևով չեն ծախսվել և պաշտոնանկ արեց նաև ԳՇ-ի պետին և պաշտպանության նախարարին:
Այսօր արդեն բոլորի համար ակնհայտ է, որ գոմեշի մսով շարքային զինվորներին չի կարելի կերակրել և առանձնատներ կառուցել, ռեստորաններ ունենալ, գծերի տերեր լինել և վերջապես բանակին հատկացված միջոցները մսխել…:
Նույնիսկ այս օրերին սահմանում ծառայող շարքայիններին անհրաժեշտ ծխախոտ, սննդամթերք և տաք հագուստ ուղարկում են ծնողները: Պարզապես պետք է տեսնել Կոմիտասի պողոտային հարակից փողոցում կանգնած «Գազել» ավտոմեքենան և նրան մոտեցող ծնողներին իրենց ծանրոցներով: Հիմնականում նրանք սոցիալապես անապահով ընտանիքներ են, բայց սահմանում զինվոր ունեն:
Ստեղծված իրավիճակում պետության խնդիրն է ոչ թե աջակցել, ակցիաներ կազմակերպել կամ էլ իշխանավորների ֆոտոսեսիաները կազմակերպել խրամատներում, այլ լրջորեն հետևել, որ բանակին հատկացված ցանկացած լումա տեղ հասնի և չդառնա գեներալիտետի համար կապիտալի հոսքի աղբյուր:
«Ազգ-բանակ» ծրագիրը գործողության մեջ դնելուց առաջ անհրաժեշտ է մի ամբողջ շարք խնդիրներ ճիշտ ձևակերպել և հանրությանը թափանցիկ ներկայացնել.
1. Քանի՞ զոհվածի ընտանիք կա հանրապետությունում:
2. Զորամասերում անհայտ հանգամանքներում սպանվածը կամ մահացածը զոհվածի կարգավիճակո՞ւմ է համարվում, թե՞ ոչ:
3. Բանակում ծառայության ընթացքում հաշմանդամ դարձածների թիվը որքա՞ն է:
4. Հանրապետությունում քանի՞ գրանցված աշխատող կա և քանի՞սն է գտնվում նվազագույն աշխատավարձի շեմին:
5. Աշխատողների շուրջ 50%-ը գտնվում է ստվերում: Ինչպե՞ս է լինելու վերաբերմունքը նրանց նկատմամբ:
6. 1000-ական դրամի գանձումը հարկի տեսա՞կ է լինելու, թե՞ ոչ:
Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանի բաց նամակը վարչապետ Կարեն Կարապետյանին
Ամբողջական նյութը կարդալ Lragir.am կայքում
Բուհերի ճյուղային արհմիությունը բարձրաձայնում է
«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը գտնվում է քննարկման փուլում, և Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունն ունի որոշակի առաջարկություններ հիշյալ նախագծի վերաբերյալ:
Ստորև ներկայացնում ենք մեր առաջարկությունները ժողովրդավարական երկրում արհմիության դերակատարումը գործատու-աշխատող փոխհարաբերություններում կարևորելու նպատակով:
«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծում անհրաժեշտ է էապես կարևորել բուհերի աշխատողների ներկայացուցիչների՝ արհեստակցական կազմակերպությունների դերակատարությունը: Օրենսդրական համապատասխան կարգավորումները կնպաստեն աշխատողների սոցիալական, աշխատանքային և մասնագիտական իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների կայացմանը:
Մասնավորապես առաջակվում է.
ա) Նախատեսել առանձին հոդվածներ աշխատողի սոցիալական երաշխիքների վերաբերյալ (գործող օրենքում թեպետ թերի, սակայն առկա են որոշ դրույթներ), իսկ առաջարկվող նախագծում` իսպառ բացակայում են:
բ) Սոցիալական երաշխիքների հոդվածում նախատեսել, որ բուհի ուսման և վճարովի այլ ծառայություններից գոյացած բյուջեի առնվազն 2%-ը պետք է տրամադրվի կոլեկտիվ պայմանագիր կնքած արհեստակցական կազմակերպությանը, որը խորհրդակցելով բուհի ռեկտորի հետ իրականացնում է համապատասխան ծրագրեր:
գ) Աշխատողների իրավունքների շարքում (հոդված 30, կետ 6) ավելացնել արհեստակցական կազմակերպություններին անդամակցելու իրավունքը, գործատուի գործողությունները, արհեստակցական կազմակերպություններում բողոքարկելու իրավունքը:
դ) Կառավարման մարմիններում (բուհի խորհուրդ, գիտական խորհուրդ) ի պաշտոնե ներգրավել կոլեկտիվ պայմանագիր կնքած արհեստակցական կազմակերպության ներկայացուցչին (նախագծի 22-րդ հոդվածի 3-րդ կետում ի պաշտոնե անդամների շարքում ավելացնել արհեստակցական կազմակերպության ներկայացուցչին և նախագծի 21-րդ հոդվածի 6-րդ կետում պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների թվում նախատեսել նաև կոլեկտիվ պայմանագիր կնքած արհեստակցական կազմակերպության կողմից առաջադրված մեկ ներկայացուցչի):
ե) Ռեկտորի լիազորությունների շարքում (23-րդ հոդվածի 6-րդ կետ) ավելացնել ռեկտորը (տնօրենը) կնքում է կոլեկտիվ պայմանագիր բուհի արհեստակցական կազմակերպության նախագահի հետ:
Կարծում եմ, օրենքի նախագիծն անհրաժեշտ է քննարկել բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատանքային կոլեկտիվներում, քանզի սոցիալական գործընկերության հիմնարար սկզբունքն է աշխատանքային փոխհարաբերությունները և աշխատողների սոցիալական շահերի պաշտպանությունը դարձնել թափանցիկ:
Գառնիկ Վաղարշակյան
Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ
Հասարակություն - 13 Հուլիսի 2016, 14:36
30 ապրիլի 2016, newsbook.am լրատվական-վերլուծական գործակալության
Արհմիությունները այս տարի չեն նշում Նյութի աղբյուրը
30 ապրիլի 2016, ՄԻՏՔ.am լրատվական-վերլուծական կայք
29 ապրիլի 2016, Լրագիր
Զոհերի հիշատակը հարգելով` Արհմիությունների Կոնֆեդերացիան երթ չի կազմակերպելու
29 ապրիլի 2016, Առավոտ
ՀԱՄԿ-ն որոշել է մայիսի 1-ին երթ չկազմակերպել
Պոլիտեխնիկական համալսարանի արհեստակցական
կազմակերպության հերթական կոնֆերանսը
2016թ. փետրվարի 17-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի արհեստակցական կազմակերպության հերթական կոնֆերանսը. օրակարգում՝ 2011-2015թթ. հաշվետվություն և ընտրություններ:
Հաշվետու զեկուցումով հանդես եկան ՀԱՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ դոցենտ Համլետ Մկրտչյանը և վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Սեդրակ Ներսիսյանը:
Պատվիրակներն իրենց ելույթներում առաջարկություններ ներկայացրեցին աշխատողների սոցիալական շահերի պաշտպանվածության և հետագա բարելավման ուղղությամբ:
Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էին և ելույթ ունեցան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը և Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը:
Կոնֆերանսում արհեստակցական կազմակերպության նախագահ ընտրվեց դոցենտ Գևորգ Բալումյանը:
Հերթական կոնֆերանսը
10.11.2015թ. տեղի ունեցավ Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանի արհեստակցական կազմակերպության 4-րդ կոնֆերանսը: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էին 148 պատվիրակ:
2010-2015թթ. արհեստակցական կազմակերպության կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ արհկոմի նախագահ Ռոբերտ Գրիգորյանը: Ելույթներ ունեցան պրոֆեսորներ Պ.Գևորգյանը, Գ.Եթիմյանը, պատմաաշխարհագրական ֆակուլտետի դեկան դոցենտ Ս.Ժամհարյանը, ֆիզմաթ ֆակուլտետի արհմբյուրոյի նախագահ Ա.Իսկանդարյանը:
Կոնֆերանսում ելույթ ունեցավ համալսարանի ռեկտոր դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը: Նա կարևորեց արհմիութենական կազմակերպության հետ համագործակցությունը և բուհի առջև ծառացած առաջիկա խնդիրները:
Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էր Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը: Նա ելույթում շեշտադրեց սոցիալական գործընկերության անհրաժեշտությունը, ինչպես նաև սոցիալական երկխոսության միջոցով աշխատավորության առջև ծառացած խնդիրների լուծման հնարավորությունը:
Կոնֆերանսում արհեստակցական կազմակերպության նախագահ վերընտրվեց Ռոբերտ Գրիգորյանը, իսկ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ ընտրվեց դոցենտ Արման Բարսեղյանը:
Արհմիություններն ու գենդերային հավասարությունը
2014 թ.սեպտեմբերի 23-25 Աղվերանում կայացավ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած <ԱՄԿ-ի սոցիալական կոնվենցիաները և կոլեկտիվ բանակցությունները> թեմայով սեմինար:
Սեմինարին մասնակցում էին Արհմիությունների միջազգային կազմակերպության խորհրդական Օլգա Նիկոլայեն Բելգիայից, Աշխատանքի միջազգային կազմակերպության բյուրյի Մոսկվայի ներկայացուցիչ Լյուդմիլա Ուսկովան, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ճյուղային հանրապետական միությունների նախագահները, ՀԱՄԿ-ի աշխատակազմի պատասխանատու աշխատողներն ու արհմիութենական կազմակերպությունների նախագահները: Սեմինարը վարում էր ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը:
Բորիս Խարատյանը ողջունելով սեմինարի մասնակիցներին հույս հայտնեց, որ այն կնպաստի համատեղ աշխատանքների արդյունավետությանն ու նոր ծանոթությունների ձևավորմանը:
ԱՄԿ-ի բյուրոյի Մոսկվայի ներկայացուցիչ Լյուդմիլա Ուսկովայի զեկույցը նվիրված էր ամբողջ աշխարհում արդիական համարվող գենդերային հավասարության խնդրին: Լ.Ուսկովայի համոզմամբ այսօր շատերին են հետաքրքում <գենդեր> հասկացության, <գենդերային հավասարության> էությունն ու բնույթը, սակայն շատ հաճախ այս հասկացությունները օգտագործվում են սխալ ենթատեքստով և սխալ իմաստով: Տիկին Ուսկովան իր զեկույցում նշեց, որ իրենց նպատակն է պաշտպանել կանանց իրավունքները, ապահովել նրանց տեղը տարբեր ոլորտներում, բարձրացնել նրանց դերը հասարակական կյանքում:
Արհմիությունների միջազգային կազմակերպության խորհրդական Օլգա Նիկոլայեն իր զեկույցում անդրադարձավ արհմիություններում կանանց ներգրավվածության, այդ գործընթացում կանանց առջև գործատուների կողմից արհեստականորեն ստեղծած խնդիրներին, որոնց լուծման համար արհմիությունների ներուժի ակտիվ գործադրման արդյունքում հաջողությունը երաշխավորված կլինի:
ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Մ.Փիլիպոսյանը սեմինարի մասնակիցներին հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը միացել է տարբեր միջազգայիին կոնվենցիաների և պայմանանգրերի, որոնք սահմանում են կնոջ և տղամարդու հավասարությունը: Սեռերի հավասարության սկզբունքներն ամրագրված են նաև ՀՀ Աշխատանքային օրենսգրքում, որտեղ նշված է, որ
տղամարդկանց և կանանց միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց պետք է վճարվի նույն չափով աշխատավարձ, ինչը, ցավոք գործատուի կողմից հաճախ է անտեսում:
Սեմինարի ընթացքում ակտիվ քննարկումներ եղան արհմիություններում երիտասարդ կանանց թվաքանակի ավելացման և դերի բարձրացման, ընտանիքում, աշխատաշուկայում գենդերային խտրականության տարատեսակ դրսևորումների շուրջ, եզրահանգումը մեկն էր` կանայք ամենուրեք պետք է ներկայացված լինեն, քանի որ խնդիրները, որոնք կապված են ընտանիքի, երեխաների, մայրության իրավունքի հետ, կանայք ունակ են պաշտպանելու և պաշտպանում են:
Սեմինարի մասնակիցների առօրյան զուտ քննարկումներով չսահմանափակվեց: Նրանք այցելեցին նաև 11-րդ դարում կառուցված Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցին:
Եռօրյա սեմինարի ավարտին Բորիս Խարատյանը շնորհակալություն հայտնեց Օլգա Նիկոլայեին և Լյուդմիլա Ուսկովային հետաքրքիր և ուսանելի քննարկման, խորհուրդների, փորձի փոխանակման և Հայաստանի արհմիութենական կազմակերպություններին ցուցաբերվող աջակցության համար, հույս հայտնելով, որ սեմինարի ընթացքում հնչեցրած դիտարկումներն ու առաջարկությունները կներառվեն Հայաստանի արհմիութենական կազմակերպությունների ծրագրերում:
ԵՊՀ-ի 4-րդ կոնֆերանսը
2013 թ. նոյեմբերի 22-ին Երևանի Պետական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ արհեստակցական կազմակերպության 4-րդ հերթական կոնֆերանսը։ 2009-2013 թ. կատարված աշխատանքների մասին հաշվետու զեկուցումով հանդես եկավ ԵՊՀ-ի արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը։ Նա իր զեկուցման մեջ նշեց ԵՊՀ-ի ձեռքբերումները` գործատու-արհկոմ հարաբերություններում, միաժամանակ անդրադարձ կատարեց այն խնդիրների վրա, որոնք առկա են և անհրաժեշտ է համատեղ ջանքերով լուծել։
Կոնֆերանսում ընտրվեց արհեստակցական կազմակերպության կոմիտե։
ԵՊՀ-ի արհեստակցական կազմակերպության նախագահ վերընտրվեց Արմեն Ավետիսյանը։
Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էին և ելույթ ունեցան ԵՊՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ-ի թղթակից անդամ Արամ Սիմոնյանը և ԲՈՒՀ-երի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը։
Բուհերի ճյուղային արհմիության 3-րդ համագումարը
2012թ. մայիսի 18-ին ՀԱՄԿ-ի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 3-րդ հերթական համագումարը: Համագումարում հաշվետու զեկուցմամբ հանդես եկավ ճյուղային միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը:
Համագումարում ելույթ ունեցան ԵՊՀ-ի արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը, Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահ դոցենտ՝ Հասմիկ Սարգսյանը, ՀՊՃՀ արհեստակցական կազմակերպության նախագահ դոցենտ՝ Համլետ Մկրտչյանը և ճյուղային միության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ՝ ՀՊՃՇՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Պետիկ Ամրոյանը:
Համագումարի աշխատանքներին մասնակցում էր և ելույթ ունեցավ ՀԱՄԿ-ի նախագահ՝ Էդուարդ Թումասյանը: Նա իր ելույթում խոսեց ՀԱՄԿ-ի առաջիկա խնդիրների մասին և վերջում ԱՊՀ Արհիմությունների համընդհանուր համադաշնության հոբելյանական պատվոգիր հանձնեց Գառնիկ Վաղարշակյանին:
Ճյուղային միությունը ՀԱՄԿ-ի առաջիկա համագումարում նախագահի տեղակալի թեկնածու առաջադրեց Հասմիկ Սարգսյանին:
Համագումարում միաձայն Հայաստանի Բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ վերընտրվեց Գառնիկ Վաղարշակյանը:
Կրթություն |
2010-05-14 |
"Չունենք քաղաքացիական հասարակություն" |
|
,Հայաստանն իր հռչակագրով, սահմանադրությամբ համարվում է սոցիալական երկիր, բայց այդպիսին կոչվելով հանդերձ, սոցիալական բեւեռացում կա, որը փաստում են ոչ միայն արհմիությունները, ժողովուրդը, պետական այրերն ու իշխանության առաջին դեմքերը, այլեւ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը: Երբ նայում ենք, թե պետությունը որքա՜ն վարկեր է վերցրել, որոնք կուտակվելու են մեր սերունդների գլխին, հասկանում ենք, որ լուրջ պրոբլեմներ կան: Մեր երկրում սոցիալական բարեկեցությունը լուծվում է ժողովրդի 5%-ի համար, այս տարիների ընթացքում միջին խավ ոչ թե ստեղծվեց, այլ ավելի շուտ տարրալուծվեց, մի քանիսը հարստացան, մի քանիսն էլ ավելի վատթար վիճակում հայտնվեցինե,- ,Առավոտիե հետ զրույցում ասում է Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը: Նա չի բացառում, որ եթե ճգնաժամի պայմաններում ռուս մեծահարուստների եկամուտները կրկնակի են աճել, ապա հայերի մոտ այդ թիվը եռապատկվել լուրջ պետությունը պետք է համապատասխան հետեւություն անի դրանից. ,Ղրղըզստանում սոցիալական բեւեռացման խնդիրների խտացումը բերեց այնպիսի վիճակի, որ ժողովուրդը միայն ներքաղաքական ցնցումների հետ հույս կապելով՝ սկսեց խնդիրների լուծումը պատկերացնելե: Գ. Վաղարշակյանի խոսքով՝ Հայաստանն այսօր այդ ցնցման ճանապարհին է. ,Երբ մարդը հիվանդ է լինում եւ անընդհատ բժշկից խուսափում է, ինչ է թե բժիշկը վատ ռեզյումե կգրի, դրանից առողջական վիճակը չի լավանում, մենք այսօր սոցիալական պրոբլեմները կուտակած՝ գնում ենք: Ստացվում է՝ անցյալը քննադատելը հեշտ է, բայց էսօրվա իրավիճակին եկեք չանդրադառնանք, որովհետեւ իշխանությունների հետ բարդություն կունենանքե: Գ. Վաղարշակյանը նշում է, որ ՀՀ-ում օտարերկրացու կառավարման ներքո գտնվող լուրջ կենսաոլորտներում, մենատնտեսային կազմակերպություններում արհմիութենական կազմակերպություններ ընդհանրապես չկան կամ էլ եթե կան, միայն ֆորմալ բնույթ են կրում: Նա կարծում է, որ պետությունն ինքը օրենսդրական դաշտում պետք է նպաստի խոշոր կառույցներում արհմիությունների գոյությանը, բայց դա չի անում, որովհետեւ իշխանություններին ցանկալի չէ: Ճյուղային հանրապետական միութ յան նախագահը գտնում է, որ 2000թ. ընդունված ,Արհեստակցական միությունների մասինե օրենքը բարեփոխման կարիք ունի, եւ առաջին հերթին ներքին կառուցվածքային փոխոխություններ են անհրաժեշտ: Ըստ նրա, օրենքի թույլ կետերից մեկն այն է, որ 3 հոգին կարող են միավորվել եւ արհեստակցական կազմակերպություն ձեւավորել, որը փոքր թվաքանակ է, եւ լիդերի խնդիր կա: Նրա խոսքով՝ բուհական համակարգում այս խնդիրներն ավելի ակնառու են, եւ մի ստվար զանգված անպաշտպան է: Ըստ գործող օրենքի, միայն բուհերի աշխատակիցներն են արհմիության ներքո, իսկ ուսանողները ենթարկվում են ուսանողական խորհուրդներին: ,Այդ քայլն էլ քաղաքական նկատառումներից ելնելով էր արված, որպեսզի ուսանողները պետական դաշտի ներքո լինեն եւ ակտիվության չդիմենե,- ասում է մեր զրուցակիցը: Նաեւ հավելում, որ հատկապես մասնավոր բուհերում արհմիության հետ համագործակցության որեւէ եզր չկա. ,Խնդիրը լավագույն դեպքում ռեկտորին է հասնում, ինքն էլ ասում է՝ խնդիրը դռնից դուրս չգաե: Հարցրինք՝ եղե՞լ են աշխատակիցներ, որ դիմել են արհմիությանը եւ համապատասխան աջակցություն ստացել: Պարոն Վաղարշակյանը նախ ասաց, որ խնդրի դեպքում առաջին հերթին դիմում են բուհի արհկոմին, իսկ իրենք համակարգային խնդիրներով են զբաղվում, օրինակ՝ արձագանքում են աշխատավարձերի ուշացմանը: Ավելի ուշ հայտնեց, որ արհեստակցական միություններին դիմելու կուլտուրա առանձնապես չկա. ,Քանի դեռ չունենք քաղաքացիական հասարակություն, շահերը ոտնահարվում են, մարդը չի ուզի իր ղեկավարին բարձրաձայնի, որովհետեւ աշխատանքը կորցնելու խնդիր կա, հետեւաբար աշխատողը պատրաստ է օրվա հացից չզրկվելու համար ամենավատթար պայմաններում աշխատել: Իսկ դա էլ շահագործման ամենից ուղիղ ճանապարհն է դառնումկուլտուրա առանձնապես չկա. «Քանի դեռ չունենք քաղաքացիական հասարակություն, շահերը ոտնահարվում են, մարդը չի ուզի իր ղեկավարին բարձրաձայնի, որովհետեւ աշխատանքը կորցնելու խնդիր կա, հետեւաբար աշխատողը պատրաստ է օրվա հացից չզրկվելու համար ամենավատթար պայմաններում աշխատել: Իսկ դա էլ շահագործման ամենից ուղիղ ճանապարհն է դառնում |
«Առավոտ» օրաթերթ
Հրատարակված է Սեպտեմբեր 30, 2010 «ԱՌԱՎՈՏ» օրաթերթ
"ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ՉԳԻՏԵՆ՝ ԳԼԽՆԵՐԻՆ ԻՆՉ Է ԳԱԼՈՒ"
Ուսանողներն էլ կբռնեն գաղթի ճամփա՞ն
Ներկայումս կենսաթոշակային ոլորտի բարեփոխումներին նվիրված մի քանի օրինագծեր են քննարկվում, որոնցից ամեն մեկն ունի իր վիճելի կողմերը: Քննարկվող օրենքի նախագծերից ամենամտահոգիչը կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների այն ծրագիրն է, որի հեղինակը կառավարությունն է, որովհետեւ կասկած չկա, որ շուտով ուժի մեջ է մտնելու հենց այդ օրինագիծը: Ինչպես գիտենք, ներկայումս մեր երկրում գործում է կենսաթոշակային բաշխողական համակարգը, երբ աշխատող բնակչության ու գործատուների վճարումների հաշվին ձեւավորվում է կենսաթոշակային ֆոնդը: Քանի որ մեր հասարակությունը ծերացման է գնում, թոշակառուները գնալով ավելանում են, ու աշխատող քաղաքացիներն այլեւս չեն հասցնում կենսաթոշակառուների խնդիրը լուծել՝ անհրաժեշտություն է առաջացել փոխել ողջ համակարգը եւ անցնել կուտակայինի:
'Առավոտի' հետ զրույցում ՀՀ բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանն իր մտահոգությունները հայտնեց, որ կառավարության հեղինակած օրինագիծը հասարակական պահանջ չունի. 'Իմ կարծիքով, այդ օրենքի մեխն այն է, որ միայն պետության ֆինանսական կայունության պահպանման խնդիրն է լուծում, իսկ հասարակության խոցելի խմբին՝ թոշակառուներին գցում է ռիսկային գոտու մեջ: Բացի այդ, ես, որպես բուհերի հետ կապ ունեցող մարդ, մեծ մտավախություն ունեմ, որ այդ օրենքի ընդունումից հետո մեր հասարակությունն ավելի շատ է գնալու ծերացման: Գաղտնիք չէ, որ գործատուները շատերին չեն գրանցում, նոր ավարտած ու աշխատանք փնտրող ուսանողները ստիպված լքելու են երկիրը, որովհետեւ այստեղ այդ պարագայում անգամ կենսաթոշակ ստանալու հույս չեն կարող ունենալ: Եթե այսօր 555 հազարից ավելի թոշակառու կա Հայաստանում, այն ժամանակ մեր հասարակությունը կազմված է լինելու բացառապես միայն ծերերից': Պարոն Վաղարշակյանը մասնակցել է կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված կառավարության բոլոր քննարկումներին ու ապշել է, երբ հասկացել է, որ մեր պես փոքր երկրի գլխին կառավարությունն այդ օրենքով փորձարկումներ է անում. 'Ինտերնետից տարբեր երկրների օրենքները կարդացել են, արտատպել ու հիմա դրանց հիման վրա բարեփոխումներ են անում: Երբ հարցնում ենք՝ ո՞ր երկիրն է օգտագործում այդ տարբերակը, որպեսզի մենք հասկանանք՝ կաշխատի՞ այն Հայաստանում, թե՞ ոչ, պատասխանում են, թե միջազգային փորձից ծաղկաքաղ են արել: Ավելի լավ էր Մոզամբիկի փորձը բերեին, քան ամեն տեղից մի բան արտագրեին, դա օրենք չէ ու չի աշխատի: Ասում են, որ հիմնական դրույթները Էստոնիայի, Ռուսաստանի ու Ղազախստանի օրենքներից են: Էստոնիան ԵՄ անդամ երկիր է, եւ եթե այդ երկրի տնտեսությունն ինսուլտ ստանա՝ ԵՄ երկրները կփրկեն նրան, իսկ Հայաստանն իրավունք չունի նման փորձեր անել, որովհետեւ, եթե կաթվածահար լինի՝ ոչ ոք չի հասնի: Ռուսաստանի ու Ղազախստանի հետ էլ չենք կարող համեմատվել, որովհետեւ մեկը գերտերություն է, մյուսը՝ անհամեմատ լուրջ պոտենցիալ ունեցող երկիր':
Ըստ կառավարության ծրագրի, կուտակային ֆոնդերի համար պետք է ընտրվեն ակտիվների կառավարիչներ: Պարոն Վաղարշակյանի խոսքերով՝ 'Նախ, կասկածելի է, որ դա ապաքաղաքական պաշտոն է: Որեւէ երաշխիք չկա, որ եթե մի կառավարիչ այն չեղավ՝ ինչ է լինելու հազարավոր թոշակառուների թոշակի հետ: Ասում են՝ պետությունը երաշխավոր է, բայց 'Հայխնայբանկի' ավանդների համար էլ էր պետությունը երաշխավոր: Կառավարիչը կարող է լուծարման տանել ֆոնդը, իսկ պետությունը կփոխհատուցի այնպես, ինչպես ավանդատուներին: Կասեն՝ սրտանց ուզում ենք օգնել, բայց գումար չկա, ցուցակ կկազմեն՝ տարիներով փողերը չեն տա: Թոշակառուի հետ չի կարելի խաղ անել: Դա ամենախոցելի խավն է, այն մարդն է, որն ավելի շատ է հիվանդանում եւ ավելի մեծ ուշադրության կարիք ունի: Մարդիկ կան՝ 40-50 տարի աշխատել են, եւ հիմա պետք է վայելեն, բայց պետության այս խաղերից՝ ժամանակ էլ չեն ունենա վայելելու: Ճիշտ է, վիճակագրության համաձայն Հայաստանում կյանքի միջին տեւողությունը իբր թե 72 տարեկան է, բայց պարզ է, որ մարդիկ անգամ թոշակային տարիքի չեն հասնում':
Նշենք, որ երբ Ֆրանսիայում թոշակի անցնելու տարիքը երկու տարով բարձրացվեց՝ ողջ հասարակությունը զանգվածային ցույցերի դուրս եկավ, իսկ մեզ մոտ, երբ քննարկվում է ազգաբնակչության համար կենսական նշանակություն ունեցող այս օրինագիծը, հասարակությունը, ըստ Գառնիկ Վաղարշակյանի, պասիվություն է դրսեւորում. 'Պատճառն այն է, որ լավ տեղեկացված չեն, կառավարությունը պարզ չի բացատրում, թե ինչ է գալու թոշակառուների գլխին, իսկ 65 տարեկան մարդը դժվարանում է հասկանալ նրանց տերմինները: Սա այն օրինագիծն է, որը պետք է քննարկվի առողջապահության, մայրության հանձնաժողովներում, Մարդու իրավունքների պաշտպանի հետ, խոշոր հիմնարկների, գործատուների հետ, ինչը դիտավորյալ չի արվում':
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
Հեղինակ` Վագա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ |
Լավ թոշակն այն թոշակն է, որին մարդիկ սրտատրոփ սպասում են: Այնտեղ, որտեղ թոշակն այդպիսին է, թոշակառու դառնալը չի ընկալվում որպես կյանքի ավարտ, այլ նոր և հրաշալի հնարավորությունների փուլ: Դա աշխարհ տեսնելը, սիրած գործով զբաղվելը, համերգներ ու թանգարաններ այցելելը և ընդհանրապես` հաճույքով ապրելն է: Եվ հենց դա է պատճառը, որ եվրոպական մի շարք երկրներում կենսաթոշակային տարիքի բարձրացումը մեծ դժգոհություն ու ընդվզում առաջացրեց: Կենսաթոշակային խնդիրը, ինչպես հայտնի է, սրվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով, երբ նվազեցին բյուջեների և կենսաթոշակային հիմնադրամների հոսքերը: Բացի կենսաթոշակային տարիքի բարձրացումից՝ խնդրի լուծման այլ միջոց կա՝ կենսաթոշակային վճարումների և հարկերի զուգահեռաբար և աստիճանաբար բարձրացումը: |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


