Երևան, 23.11.2024

Կայքի հին տարբերակը

«Արդյունավետ սոցիալական երկխոսություն և կոլեկտիվ բանակցություններ» թեմայով քննարկում Ծաղկաձորում

«Արդյունավետ սոցիալական երկխոսություն և կոլեկտիվ բանակցություններ» թեմայով քննարկում Ծաղկաձորում

  Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի Ուսումնահետազոտական կենտրոնը Աշխատանքի միջազգային կազմակերպության / ԱՄԿ / աջակցությամբ ս/թ մարտի 20-21-ը Ծաղկաձորում կազմակերպեց «Արդյունավետ սոցիալական երկխոսություն և կոլեկտիվ բանակցություններ. սոցիալական արդարության հասնելու, աշխատանքի անվտանգ պայմանների ապահովման և էկոնոմիկայի կայուն զարգացման եղանակները» թեմայով սեմինար:

  Սեմինարին մասնակցում էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը, Աշխատանքի միջազգային կազմակեպության փորձագետներ՝ Աշխատողների գործունեության հարցերով ԱՄԿ մոսկովյան գրասենյակի գլխավոր մասնագետ Գոչա Ալեքսանդրիան, Աշխատանքի տեսչության և աշխատանքի պաշտպանության կարգավորման հարցերով ԱՄԿ գլխավոր մասնագետ Վալենտին Մոկանուն, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ՀԱՄԿ-ի Ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար-պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը, ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական և սոցիալ-տնտեսական հարցերի և աշխատանքի պաշտպանության բաժինների պետեր, ՀԱՄԿ-ի անդամ մի շարք ՃՀՄ-ների արհմիութենական կազմակերպությունների նախագահներ և ներկայացուցիչներ:

  Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը: Նա իր խոսքում կարևորեց սեմինարի քննարկման թեմաները, համարելով, որ դրանք համահունչ են ինչպես երկրի սոցիալ-տնտեսական, այնպես էլ աշխատանքի ոլորտի ներկա իրավիճակին, նաև հավելեց, որ վերոհիշյալ հարցերը ներառված են ՀԱՄԿ-ի գործունեության ծրագրում:

  Գոչա Ալեքսանդրիան իր զեկուցման մեջ անդրադարձավ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից ներկայացված համաշխարհային տնտեսության, ՀՆԱ-ի աճի տեմպերն արտացոլող տվյալներին, որոնք էական ազդեցություն են թողել զբաղվածության համաշխարհային վիճակի վրա: Նա նշեց, որ զբաղվածության աճի տեմպերը մնում են ցածր, հատկապես երիտասարդության շրջանում շարունակում է աճել գործազրկության մակարդակը:

  Գ. Ալեքսանդրիան կարևորեց աշխատանքի ոլորտում աշխատանքի և հանրության, աշխատանքի կազմակերպման և արդյունաբերության, աշխատանքի կառավարման շուրջ երկխոսության անհրաժեշտությունը, ինչպես նաև բանակցությունների մակարդակն ու սոցիալական գործընկերների դերն այդ բանակցություններում:

  Սեմինարի ընթացքում զեկուցումով հանդես եկավ նաև Վալենտին Մոկանուն: Նա անդրադարձավ օրենսդրության մեջ աշխատանքի պաշտպանության, պատժամիջոցների, համագործակցության և փոխվստահության ապահովման հարցում աշխատանքի տեսչության դերի բարձրացման խնդրին: Նրա խոսքով սոցիալական երկխոսությունը պետք է ծավալվի աշխատավարձի վճարման, սոցիալական ապահովվածության, ոչ ֆորմալ տնտեսության, գենդերային հավասարության, աշխատանքի ոլորտում հիմնական իրավունքի, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության շուրջ:

  ՀԱՄԿ-ի աշխատակազմի սոցիալ-տնտեսական հարցերի և աշխատանքի պաշտպանության բաժնի պետ Կարինե Մադոյանը սեմինարի մասնակիցներին ներկայացրեց աշխատավայրում առկա աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման խնդիրները:

  <ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին> օրենքի նախագծի մի շարք հոդվածների պարզաբանմամբ հանդես եկավ ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը: Նա կարևորեց գործատու-աշխատող հարաբերություններում օրենսդրության պահպանման անհրաժեշտությունը:

  Սեմինարի մասնակիցները աշխատանքային խմբերով ներկայացրին իրենց հուզող ոլորտների խնդիրները և առաջարկեցին լուծման ուղիները:
Միջոցառման աշխատանքներն ամփոփեց ՀԱՄԿ-ի փոխնախագահ Բորիս Խարատյանը: