Երևան, 06.12.2024

Կայքի հին տարբերակը

Արհմիությունների կոնֆեդերացիան ևս փաստում է` պարտադիրից հրաժարվել ցանկացողները խնդիրներ են ունենում

Արհմիությունների կոնֆեդերացիան ևս փաստում է` պարտադիրից հրաժարվել ցանկացողները խնդիրներ են ունենում

Երեկ <Պոստ Սկրիպտում>  մամուլի ակումբում  կուտակային  կենսաթոշակի  պարտադիր  վճարումներից  հրաժարվող աշխատողների  մոտ առաջացած  խնդիրների  շուրջ տեղի  ունեցավ Հայաստանի արհմիությունների  կոնֆեդերացիայի  նախագահի  տեղակալ Բորիս Խարատյանի  և ՀԱՄԿ-ի  իրավաբանական  բաժնի  պետ Միքայել Փիլիպոսյանի  համատեղ  մամլո ասուլիսը:

-Պարտադիր  կուտակային  համակարգի  ներդնումը մի շարք  խնդիրներ է ստեղծում: Բազմիցս  հնչող բարեկեցիկ  կյանք,  բավարար  կենսամակարդակ, արժանապատիվ  ծերություն և նմանատիպ այլ  ձևակերպումները սոսկ բառեր են, որոնք  Հայաստանի Հանրապետության  իրավական  որևէ  ակտով ամրագրված չեն: Ըստ ՀՀ Սահամանադրության  յուրաքանչյուր ոք ունի  իր  և  իր  ընտանիքի համար  բավարար կենսամակարդակ ապահովելու իրավունք, սակայն պարզ չէ, թե  ինչ  մեխանիզմներով է ապահովվելու այդ  իրավունքը և ինչ այն  իրենից  ներկայացնում: Հաշվի  չի առնվել  նաև տարիների ընթացքում  փոփոխության  ենթարկվող  գնողունակությունը: Աշխատողների  աշխատավարձերը  պետք է ինդեքսավորվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, սակայն առ այսօր այն  հաստատող  օրենքն  ընդունված  չէ: Պակաս  կարևոր  չէ  նաև կենսաապահովման  նվազագույն  զամբյուղի և կենսաապահովման  նվազագույն  բյուջեի  մասին  օրենքի  կիրառումը, որն առ այսօր անտեսվում են: Ուստի հասկանալի է  կուտակային  կենսաթոշակային  համակարգի կիրառման  հանդեպ  հանրության մոտ առկա անվստահությունը,- ասաց Բ.Խարատյանը:

Աշխատող-գործատու փոխհարաբերություններին և դրանք  պայմանագրով  վավերացված, սակայն  իրականում անտեսվող փաստերին անդրադարձավ ՀԱՄԿ-ի իրավաբանական  բաժնի  պետ Մ.Փիլիպոսյանը.

_Հիմնական ահազանգերը  վերաբերում են աշխատանքային  պայմանագրերի կնքմանը, դրանց  լուծմանն ու այլ աշխատանքի փոխադրման հարցերին: Երբեմն  մեզ  դիմած քաղաքացիները դժգոհում են, որ գործատուներն  օրենքով  սահմանված  իրենց  հասանելի արձակուրդները  չեն տալիս կամ  չօգտագործած արձակուրդի  համար չեն  վճարում արձակուրդային գումարները: Հայաստանում քաղաքացիները  վախեցած են և քչերն են  իրենց  իրավունքները  վերականգնելու համար դիմում  իրավաբանին, իսկ ոտնահարված իրավունքները վերականգնելու համար մինչև վերջ գնացողները շատ քիչ են: Հաճախ եմ ասում՝ եկեք  մեզ  մոտ անվճար  խորհրդատվության, ես  պատրաստ եմ անգամ դատարանում  ձեր  շահերն անվճար  պաշտպանել: Ի դեպ  նշեմ, որ  տարեսկզբից առ այսօր մեր  բաժինը ստացել է շուրջ 100 դիմում, իհարկե,  լինում են  նաև դեպքեր, երբ պարզվում է, որ  գործատուն սխալ  չի,-մեկնաբանեց Մ.Փիլիպոսյանը:

Մամլո ասուլիսը  լուսաբանվել է նաև  aravot.am, tert.am, hraparak.am. panorama.am, nyut.am էլեկտրոնային  կայքերում, հեռարձակվել է <Շանթ>, <Երևան> և <Երկիր մեդիա> հեռուստաընկերությունների եթերով,  Հանրային  ռադիոյի <Լուրեր>-ով  և Հանրային  ռադիոյի երիտասարդական <Լյունսե> հաղորդաշարով:

 

 

«Ռադիոլուր»