Երևան, 29.11.2022

Կայքի հին տարբերակը

Գայ Ռայդեր. «Աշխատանքային օրենսգիրքն անիմաստ է, եթե գործնականում չի պահպանվում»

Գայ Ռայդեր. «Աշխատանքային օրենսգիրքն անիմաստ է, եթե գործնականում չի պահպանվում»

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) աշխատանքային հարաբերությունների կարգավորման հարցերով զբաղվող ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատությունն է։ 2022թ. փետրվարի 22-24-ն ԱՄԿ-ն առցանց անցկացրել էր «Հանուն մարդակենտրոն վերականգնման» միջազգային ֆորումը

(Global Forum for a Human-centred Recovery): Այն նպատակ ուներ բարձրացնելու միջազգային արձագանքի եւ դրա համաձայնեցվածության մակարդակը COVID-19 ճգնաժամի՝ համաշխարհային հանրության վրա թողած խորը եւ անհավասար ազդեցության ուղղությամբ:

Մեդիամաքսը Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գայ Ռայդերի հետ զրուցել է Հայաստանում համավարակի եւ հետպատերազմյան իրավիճակի պայմաններում սոցիալական պաշտպանության ոլորտի մարտահրավերների մասին:

 

- Ինչպիսի՞ն են ֆորումի արդյունքները, ի՞նչ ձեռքբերումներ եւ ապագա ակնկալիքներ կան:

- Երեք օր ինտենսիվ քննարկումներ էին։ Ֆորումը բավականին յուրօրինակ էր, եւ ես կարծում եմ, որ դրա ամենաառանցքային դերը պետությունների ղեկավարներին եւ միջազգային կազմակերպություններին մեկ տեղում համախմբելն էր: Ֆորումին մասնակցում էին ոչ միայն Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները, այլ նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի, Առեւտրի համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարները եւ շատ ուրիշներ՝ աշխատողների եւ գործատուների ներկայացուցիչների հետ միասին:

COVID-19-ը պարզապես առողջապահական արտակարգ իրավիճակ չէ, այն ստեղծեց տնտեսական եւ սոցիալական ճգնաժամ, եւ մեր համոզմունքն է, որ դրանից դուրս գալու համար մենք պետք է ի մի բերենք տարբեր ոլորտների ռազմավարությունները՝ աշխատանքային, առեւտրային, ֆինանսական, ինչպես նաեւ՝ առողջապահական: Մենք պետք է դրանք մեկտեղենք ավելի համաձայնեցված ձեւով:

Այս մարտահրավերներն անիմաստ է առանձին-առանձին հաղթահարել: Մենք նաեւ պետք է գործենք կառավարությունների, աշխատողների եւ գործատուների միջեւ երկխոսության միջոցով: Ֆորումի տրամաբանությունը դա էր: Կարծում եմ, որ քննարկումները լավ ընթացան եւ մենք կարողացանք խորությամբ դիտարկել մի շարք հարցեր։

Ֆորումի նպատակը ոչ թե առաջարկություններ կամ եզրահանգումներ ընդունելն էր, այլ քննարկումների միջոցով այս խնդիրների լուծումների մասին մտորումներին նպաստելը: Ես այս ֆորումի մասին զեկուցելու եմ ԱՄԿ-ի ղեկավար մարմնին: Եվ մենք կարծում ենք, որ այն արդեն իսկ ձեւավորել է հարթակ ամբողջ համակարգում հետագա ինտենսիվ համագործակցությունների համար: Այնպես որ, կարծում եմ, Ֆորումն արդարացրեց իրեն:

 

- Դուք ակնկալում եք ապագայում ավելի համապարփակ ձեւով արձագանքել  COVID-19-ի նման ճգնաժամերին եւ տարբեր ոլորտներում դրա հետեւանքներին:

- Միանգամայն այդպես է: Հստակեցնեմ, որ թեեւ ԱՄԿ-ում արդեն աշխատում ենք ֆինանսական, առողջապահական հաստատությունների մեր գործընկերների հետ, սակայն մենք պետք է տեսնենք այդ համագործակցության ակտիվացում։ Կարծում եմ, որ երբեմն այս համագործակցությունն ուղղակի դրվագային է՝ հիմա, հետո նորից, այստեղ, հետո այնտեղ: Մենք ցանկանում ենք այն մշտական եւ համակարգված դարձնել: Դա առնվազն իմ հավակնությունն է, ես աշխատելու եմ այդ ուղղությամբ։ Ֆորումը ոչ թե ավարտական, այն մեկնարկային կետն է այս օրակարգի համար:

 

- COVID-19-ի ճգնաժամն ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում ցույց տվեց սոցիալական պաշտպանության ոլորտի հսկայական բացթողումները՝ ներառյալ համազգային ռազմավարության, համապարփակ սոցիալական պաշտպանության հարթակների բացակայությունը: Որո՞նք են այն անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն սոցիալական պաշտպանության համապարփակ համակարգ ստեղծելու համար՝ իհարկե, հաշվի առնելով նաեւ Հայաստանի տնտեսության կարգավիճակը:

- Միանգամայն ճիշտ է, որ այս համաճարակը ցույց տվեց աշխարհում սոցիալական պաշտպանության անբավարարության աստիճանը։ Մեզ մոտ առկա համաշխարհային տվյալները ցույց են տալիս, որ աշխարհում աշխատավորների մեծ մասը՝ 53%-ը, սոցիալական պաշտպանվածություն չունի։ Այսպիսով, երբ խնդիր է առաջանում, այնպիսի ցնցում է գալիս, ինչպիսին համաճարակն է, այս մարդիկ իսկապես մեծ դժվարություններ են ունենում: Մենք կարծում ենք, որ այս համաճարակի դասերից մեկն այն է, որ մենք պետք է լրջորեն վերաբերվենք համընդհանուր սոցիալական պաշտպանության անհրաժեշտությանը։ Հիմա դա կարող է ուտոպիա թվալ, ինչ-որ անհնարին բան, բայց մեր կատարած աշխատանքը ցույց է տալիս, որ մենք պարզապես պետք է ավելի շատ ներդրումներ կատարենք սոցիալական պաշտպանվածությունը խթանելու համար ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային ռեսուրսներից: Եվ սա համընդհանուր մարտահրավեր է՝ բոլորի կողմից ընդունված:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 2021թ. սեպտեմբերին գործարկեց այն, ինչ մենք անվանում ենք աշխատատեղերի եւ սոցիալական պաշտպանության համաշխարհային արագացուցիչ (Global accelerator for jobs and social protection): Սա համաշխարհային մեքենա է այս օրակարգը խթանելու համար:

Եթե նայեք Հայաստանին, իմ տեղեկություններն այն են, որ սոցիալական պաշտպանության ընդգրկվածության մակարդակն ավելի լավն է, քան համաշխարհային միջինը: Մարդկանց 54%-ն ունի սոցիալական պաշտպանության գոնե մեկ տեսակ, պարտադիր չէ, որ այն համապարփակ լինի։ Բայց միեւնույն է, սա դեռեւս ցածր ցուցանիշ է, շատ-շատ ավելի ցածր, քան Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում:

Այսպիսով, Հայաստանը պետք է ավելի շատ աշխատի այս ուղղությամբ: Ինձ ոգեւորում է այն, որ կառավարությունը մշակում է աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ծրագիր եւ մենք աշխատում ենք Հայաստանի հետ՝ դա անելու համար: Բայց այստեղ կրկին պետք է շեշտեմ, որ ցանկացած երկրում սոցիալական պաշտպանության ոլորտը խթանելու համար շատ ներդրումներ են պետք, եւ Հայաստանն, իհարկե, բացառություն չէ: Ինձ մոտ առկա տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանը սոցիալական պաշտպանության ոլորտում ներդրումների շատ ցածր ցուցանիշ ունի՝ ՀՆԱ-ի 6,8%: Համեմատած ձեր ենթատարածաշրջանի այլ երկրների հետ՝ այն շատ ցածր է: Այնպես որ՝ առաջնահերթությունների հարց է։

 

- Վերջին տարիներին մեզ համար մեծ դժվարություններ ստեղծեց ոչ միայն համավարակի հաղթահարումը, այլեւ պատերազմը, որ տեղի ունեցավ 2020 թվականին: Արցախից բազմաթիվ փախստականներ, ինչպես նաեւ ՀՀ սահմանների անկայուն վիճակն ու սահմանամերձ բնակչությանը սպառնացող վտանգները երեւան հանեցին բազմաթիվ այլ բացթողումներ՝ եւս մեկ անգամ ընդգծելով սոցիալական համապարփակ պաշտպանության անհրաժեշտությունը։ Ի՞նչ կարելի է անել Հայաստանում սոցիալական պաշտպանվածության հարթակներ ապահովելու համար՝ հաշվի առնելով նաեւ հետպատերազմյան իրավիճակը։

- Ես, իհարկե, տեղյակ եմ ձեր երկրում տիրող հետկոնֆլիկտային իրավիճակի եւ այն խնդիրներին մասին, որոնք առաջացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով: Եվ, ի դեպ, երբ մենք դիտարկում ենք հենց հիմա ձեզնից ոչ այնքան հեռու գտնվող երկրներում [պատերազմական՝ հեղ.] զարգացումները, հասկանում ենք, որ աննախադեպ դժվար է տնտեսական եւ սոցիալական ոլորտներում առաջխաղացումը, եթե խաղաղություն չկա։ Հասկանում եմ Ձեր դրությունը: Նման փխրուն իրավիճակում, որին Դուք հղում կատարեցիք, իհարկե, մարտահրավերները բարդանում են: Բայց իհարկե, խնդիրների մեծ լինելը չի նշանակում, որ մենք չպետք է փորձենք լուծել դրանք:

Կարծում եմ, որ այս պարագայում սոցիալական պաշտպանության հարցում պետք է սկսել սկզբից: Իսկ սկիզբը նշանակում է անել հնարավոր ամեն ինչ՝ տուժած մարդկանց հիմնական եկամտի անվտանգությունն ապահովելու եւ նրանց անհրաժեշտությունները հոգալու համար: Սա հաճախ զուգակցվում է այնպիսի հիմնական խնդիրների հետ, ինչպիսիք են բնակարանային ապահովումը, եկամուտը, աշխատատեղերի ստեղծումը: Քայլերից մեկը, որ պետք է ձեռնարկեք, տեղական կարողություններ ստեղծելն է՝ գնահատելու մարդկանց կարիքները, հարմարեցնելու ծրագրերը փախստականների հատուկ կարիքներին:

Ես չեմ ասում, որ սրանք հեշտ մարտահրավերներ են, բայց կարծում եմ, որ այնպիսի ուղղորդված մոտեցմամբ, որը կներառի բարդ իրավիճակների իրողության ըմբռնում, մենք կկարողանանք առաջ շարժվել:

 

-Կցանկանայի, որ խոսեինք նաեւ միգրանտների մասին, եւ ոչ միայն համավարակային իրավիճակում, այլեւ պատերազմական իրողությունների ժամանակ, քանի որ այս պահին եւս պատերազմ է ընթանում: Ինչպես գիտեք, Հայաստանն ունի արտագաղթի բավականին բարձր ցուցանիշ: Ի՞նչ պետք է արվի համաճարակների եւ պատերազմների ժամանակ միգրանտների սոցիալական պաշտպանության համար:

-Դուք չափազանց կարեւոր հարց եք մատնանշում: Ես միշտ հավատացել եմ, որ միգրացիան աշխատանքի աշխարհի դրական կողմերից է այնքան ժամանակ, քանի դեռ այն ընտրության հնարավորություն է, եւ ոչ թե պարտադրված քայլ: Նաեւ դրական միտում է այն պարագայում, երբ հարգված են շահագրգիռ մարդկանց իրավունքները: Միշտ նախընտրելի է, որ մարդիկ իրենց հայրենի երկրներում ունենան արժանապատիվ աշխատանքի հնարավորություններ, որպեսզի իրենց կյանքը բարելավելու համար ստիպված չլինեն արտագաղթել: Սա առաջին հերթին:

Երկրորդ հերթին, կա մեկ հիմնական սկզբունք, որը մենք պետք է կիրառենք արտագաղթի իրավիճակներում։ Դա հավասար վերաբերմունքի սկզբունքն է։ Ընդունող երկրները պետք է աշխատաշուկայում միգրանտին վերաբերվեն նույն կերպ, ինչ տեղացի աշխատողներին: Սա հեշտ ընկալելի սկզբունք է, բայց շատ բարդ իրականացվող: Խնդիրներից մեկը, որը մենք պետք է լուծենք, այն է, որ միգրացիան հիմնականում տեղի է ունենում անկանոն հիմունքներով։ Այսինքն՝ առանց համապատասխան գործընթացների եւ փաստաթղթավորման, առանց շահագրգիռ աշխատակիցների գրանցման: Նման դեպքերում չարաշահումների եւ շահագործման վտանգները շատ ավելի մեծ են։ Ցավոք, հատկապես այն իրավիճակներում, երբ մարդիկ փորձում են հեռու մնալ հակամարտություններից կամ բռնաճնշումներից, միգրացիան հաճախ տեղի է ունենում անկանոն հիմունքներով: Այսպիսով՝ մենք պետք է մշակենք միգրացիայի օրինական ուղիներ, ապա համապատասխանաբար կարգավորենք այս ոլորտը:

Պետք է անկեղծ լինեմ եւ ասեմ, որ միջազգային հանրության՝ միգրացիայի հարցում հարգալից վերաբերմունքի ցուցանիշները լավը չեն։ Ցավում եմ դրա համար, բայց նկատում եմ, որ աշխարհում մեծ խարան եւ բացասական վերաբերմունք է ձեւավորվել՝ կապված աշխատանքային միգրանտների հետ: Շատ երկրներում նրանք ենթարկվում են չափազանց բացասական սոցիալական վարքագծի: Դա շատ վատ բան է։ Մենք պետք է միգրացիայի դրական օրինակներ ձեւավորելը մեզ համար առաջնահերթություն սահմանենք ոչ միայն աշխատավորների, այլ նաեւ ընդունող երկրների համար՝ ցույց տալով, որ մենք մեծ պատասխանատվություն ենք կրում պաշտպանելու միգրանտների իրավունքները: Ցավոք, այսօր շատ դեպքերում մենք չունենք նման մոտեցում, եւ ես ափսոսում են դրա համար:

Աշխատանքի միջազգային կազմակերպությունն աշխատում է Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ՝ մի քանի տարի առաջ ՄԱԿ-ի կողմից ընդունված մի շատ կարեւոր փաստաթուղթ իրականություն դարձնելու համար, այն է՝ անվտանգ եւ կանոնակարգված միգրացիայի համաշխարհային ուղու ստեղծումը: Մենք ունենք ծրագիր, ունենք նախագիծ, հիմա պետք է գործենք, որպեսզի այն իրականություն դառնա:

 

- Ինչպես արդարացիորեն նշեցիք, շատ դեպքերում մարդիկ գործազրկության պատճառով են լքում իրենց երկրները։ Սա Հայաստանում եւս տարածված խնդիր է, քանի որ գործազրկության մակարդակը 15 % է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ գործազուրկների ամենաբարձր տոկոսը կազմում են միջին տարիքի մարդիկ, իսկ գործազուրկների 95.0%-ն աշխատաշուկայում անմրցունակ է: Կա՞ն արդյոք գործիքներ, որոնք ԱՄԿ-ն կարող է առաջարկել այսպիսի մարդկանց եւ ի՞նչ դեր ունի այստեղ կառավարությունը:

- Դուք մեկ այլ շատ կարեւոր մարտահրավեր եք մատնանշում, որն առկա է ոչ միայն Հայաստանում, այլեւ շատ երկրներում: Խնդիրը հետեւյալն է. ինչպե՞ս կարելի է ընդլայնել եւ կատարելագործել մարդկանց հմտություններն իրենց աշխատանքային կյանքի ընթացքում:

Այսօր աշխատանքային աշխարհի իրականությունն այն է, որ անկախ նրանից, թե որքան լավ կրթություն է ստացել անձը իր չափահաս կյանքի սկզբում, միեւնույն է, ամբողջ աշխատանքային կյանքի համար դա չի բավարարի: Շատ արագ փոփոխվող աշխատանքային աշխարհում դա պարզապես խելամիտ չէ: Առանցքային հայեցակարգն այն է, որ մենք պետք է իրականություն դարձնենք ցկյանս ուսուցումը, որը, ընդունում եմ, դեռեւս շատ վերացական է հնչում:

Մենք պետք է հնարավորություն տանք աշխատող մարդկանց ձեռք բերելու նոր հմտություններ ոչ միայն իրենց աշխատանքային կյանքի սկզբում, այլ ամբողջ աշխատանքային կյանքի ընթացքում: Հաճախ եմ լսում, որ 40 կամ 50 տարեկան աշխատակիցը չի կարող սովորել, չի կարող փոխվել, չի կարող հարմարվել։ Ես համաձայն չեմ։ Փաստն այն է, որ մենք այդ մարդկանց չենք առաջարկում հարմարություններ, հնարավորություններ կամ ֆինանսներ՝ իրենց ուսուցման կարողությունները վերաձեւելու եւ թարմացնելու համար:

ԱՄԿ-ի առաջնահերթություններից է բոլորի համար ցկյանս ուսումնառությունն իրականություն դարձնելը: Մենք պետք է մշակենք ծրագիրը, ֆինանսավորենք, ստեղծենք այնպիսի համակարգեր, որոնք կարող են դա իրականություն դարձնել: Նաեւ պետք է պարզել, թե ով է պատասխանատու՝ աշխատակի՞ցը, գործատու՞ն, պետությու՞նը: Իմ պատասխանն այն է, որ սա ամենքիս պատասխանատվությունն է: Բայց, միեւնույն է, պետք է նաեւ պարտականությունների բաշխում իրականացնենք:

 

- Հայաստանում բավականին տարածված են գործատուների կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի խախտումները: Դրանում համոզվելու համար բավարար է աշխատանքի որոնման առցանց համակարգերում մի քանի հայտարարություններ ընթերցելը: Ամենաակնհայտը Աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմալ աշխատաժամանակի խախտումներն են: Պատասխանատու մարմինների կողմից այս խնդրին պատշաճ արձագանք կարծես չենք տեսնում: Այնպես չէ, որ աշխատանք փնտրողները կարող են մերժել նման առաջարկները, քանի որ այս երեւույթը համատարած է։ Կա՞ն արդյոք գործատուներին զսպելու գործիքներ եւ ինչպե՞ս կարող ենք հաղթահարել նման համատարած իրավիճակը։

- Ձեր նկարագրած իրավիճակը խիստ մտահոգիչ է եւ անմխիթար։ Առաջին բանը, որ ուզում եմ ասել այն է, որ որքան էլ լավը լինի աշխատանքային օրենսգիրքը, այն ունենալն անիմաստ է, եթե օրենսգիրքը գործնականում չի պահպանվում։ Օրենքները, կանոնակարգերը պետք է ուղեկցվեն աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողությամբ, ինչը նշանակում է, որ գործատուները չպետք է անպատիժ մնան՝ շահագործելով մարդկանց:

Ստուգումների եւ հարկադիր կատարման բացակայության պայմաններում, երբ մարդիկ իսկապես անհանգստացած են աշխատանք գտնելու հարցով եւ չկան դրա համար լավ հնարավորություններ, նրանք խիստ խոցելի են դառնում աշխատանքային անբավարար պայմանների նկատմամբ: Պետք է ասեմ, որ այս իրավիճակը ծանոթ է ամբողջ աշխարհին: Ձեր հարցին իմ պատասխանը շատ պարզ է՝ Աշխատանքային օրենսգիրքը պետք է ուղեկցվի հարկադրական մեխանիզմներով, եւ երբ ինչ-որ մեկը սխալ է գործում, երբ գործատուն անում է օրենքին հակասող բան, պետք է պատժվի դրա համար, եւ համապատասխան պատժամիջոցները պետք է հետ պահեն նրանց անպատասխանատու վարքագծից: Եվ իհարկե, հարկադրում նշանակում է նաեւ ստուգում:

Ես մի համապատասխան օրինակ ունեմ Վրաստանի վերաբերյալ: Մի շրջանում Վրաստանը որոշեց դուրս մղել իր աշխատանքային տեսուչներին: Քանի որ նրանք շարժվում են դեպի շուկայական տնտեսություն, կարծում էին, որ սա աշխատանքի շուկան առավել արդյունավետ դարձնելու եւ մարդկանց աշխատանքի ներգրավելու լավագույն միջոցը կլինի: Արդյունքը շատ վատն էր։ Եվ, ի վերջո, ուրախ եմ տեսնել, որ Վրաստանը փոխեց այդ որոշումը:

Ելնելով վերը նշվածից՝ իմ ուղերձն այն է, որ այստեղ դյուրանցումներ չկան, եւ անտրամաբանական է, որ աշխատակիցներին անպաշտպան թողնելը կարող է զբաղվածությունը մեծացնելու միջոց դառնալ: Դա սխալ ճանապարհ է:

 

- Հուսով եմ, որ սա ահազանգ կլինի մեր կառավարության համար։ Եկեք անցնենք մեկ այլ հետաքրքիր թեմայի, այն է՝ ինչ մասնագիտություններ պետք է մարդիկ ընտրեն այսօր: Ընդհանուր դիտարկումներով՝ այժմ Հայաստանում դպրոցական շրջանավարտների շրջանում ՏՏ ոլորտում մասնագիտություններ ընտրելու միտում է նկատվում: Նաեւ շատ ՏՏ ընկերություններ մասնագետներ են փնտրում եւ դժգոհում դրանց բացակայությունից։ Իսկապե՞ս ՏՏ մասնագետներն այժմ ամենապահանջվածն են:

- Կարծում եմ, որ այդպես է, տեղեկատվական հաղորդակցության, տեխնոլոգիական ոլորտում կա հմտությունների եւ աշխատողների շատ մեծ պահանջարկ։ Ձեր հայրենակիցները, հատկապես երիտասարդները, ովքեր ձգտում են իրենց շահավետ կերպով տեղավորել աշխատաշուկայում, ճիշտ տեղում են մասնագիտություն փնտրում։ Սա առնվազն իմ սեփական փորձն է: Բայց եկեք շատ պարզունակ չլինենք: Մենք նաեւ գիտենք, որ գործատուները ոչ միայն փնտրում են «կոշտ» հմտություններ՝ տեխնոլոգիական, ծրագրավորման, այլեւ «փափուկ» հմտություններ՝ անձնական հաղորդակցման, համատեղ աշխատանքի, տեղեկացված հիմունքներով որոշումների կայացման եւ այլն: Ես սա անընդհատ լսում եմ գործատուներից, եւ թեեւ շատ կարեւոր է, երբեմն անտեսվում է։ Կարծում եմ նաեւ, որ հեշտ չէ փափուկ հմտությունների ֆորմալ ձեւով դասավանդումը: Դա գալիս է փորձից, այնպես չէ՞: Մենք ժամանակի ընթացքում սովորում ենք, թե ինչպես շփվել մարդկանց հետ:

Հասկանում եմ ՏՏ ոլորտի ուղղությամբ առանձնահատուկ ուշադրությունը, բայց թույլ տվեք ասել, որ այդտեղ շատ ավելին կա, քան թվում է:

 

- Ուրիշ ի՞նչ մասնագիտություններ խորհուրդ կտաք երիտասարդներին, որո՞նք են ապագայի մասնագիտությունները:

- Կան երկու հիմնական ոլորտներ, որտեղ մենք զբաղվածության աճ ենք կանխատեսում: Դրանցից մեկը առողջապահության եւ խնամքի ոլորտն է: Մենք տեսնում ենք խնամքի ոլորտը մասնագիտացնելու եւ արդիականացնելու անհրաժեշտություն՝ այդ մասնագիտություններն իսկապես գրավիչ, պրոֆեսիոնալ դարձնելու համար:

Երկրորդն այն է, որ մենք պետք է լուրջ վերաբերվենք այն իրողություններին, որոնք արդեն տեղի է ունենում եւ դեռ պետք է տեղի ունենան: Աշխատանքի աշխարհում սա անցումն է դեպի ածխածնային չեզոքություն (ածխածնի արտանետման եւ մթնոլորտից ածխածնի կլանման հավասարակշռության պահպանում` հեղ.): Մենք բոլորս այժմ համաձայն ենք, որ կլիմայի փոփոխությունը մարդու գործունեության արդյունք է: Մինչդեռ մարդկային գործունեության մեծ մասը կապված է աշխատանքի հետ: Այսպիսով՝ կլիմայի փոփոխության լուծումը նշանակում է աշխատանքի աշխարհի վերակառուցում: Մենք պետք է շարժվենք դեպի կանաչ տնտեսություն եւ դեպի կանաչ աշխատատեղեր։ Դրանք կարող են շատ տարբեր տեսք ունենալ՝ կախված տվյալ ոլորտից եւ գործունեության բնույթից, բայց սա նույնպես մի ոլորտ է, որտեղ ապագայում զբաղվածության մեծ հնարավորություններ են լինելու: Այս պարագայում դա լինելու է ոչ թե ընտրություն, այլ պարտավորություն:

Գայ Ռայդերի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը

 

Սկզբնաղբյուրը՝ mediamax.am