Երևան, 30.05.2023

Կայքի հին տարբերակը

Մետրոպոլիտենի երիտասարդները պատրաստակամ են անդամակցել արհմիությանը

Մետրոպոլիտենի երիտասարդները պատրաստակամ են անդամակցել արհմիությանը

 

Օգոստոսի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի արհեստակցական  միության և Հայաստանի տրանսպորտի և հաղորդակցության ճյուղային միության նախագահ Լիլիթ Կարապետյանի նախաձեռնությամբ  տեղի ունեցավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի /ՀԱՄԿ/ Ուսումնակազմակերպական  կենտրոնի ղեկավար Էլեն Մանասերյանի հանդիպումը Մետրոպոլիտենի երիտասարդ արհմիութենականների  հետ: Հանդիպման  նպատակն էր երիտասարդներին  իրազեկել արհեստակցական  միության, դրա  գործառույթների և  նշանակության մասին: Կարևորելով  երիտասարդ աշխատողների արհեստակցական միություններում միավորվելու  անհրաժեշտությունը, Է.Մանասերյանն իր խոսքում  նշեց, որ անդամակցելով արհեստակցական միությանը աշխատողների համար հնարավորություն է ստեղծվում գործատուի հետ աշխատանքային հարաբերություններում ներկայացնել և պաշտպանել իրենց աշխատանքային և դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը:

 Հանդիպման ընթացքում  երիտասարդների աշխատանքային առօրյան ու հանգիստն ակտիվ անցկացնելու նպատակով եղավ սպորտային թիմ ստեղծելու առաջարկ: Հաջորդ  հարցը վերաբերում էր  բազային ցածր աշխատավարձին, որի պատճառով ոմանք  նախընտրում են այլ աշխատանք: Ի  պատասխան, Մետրոպոլիտենի արհեստակցական  միության և Հայաստանի տրանսպորտի և հաղորդակցության ճյուղային միության նախագահ Լիլիթ Կարապետյանը նշեց, որ  հարցը քննարկվում է Մետրոպոլիտենի  ղեկավարության շրջանում: Հանդիպման ընթացքում հնչեց նաև Մետրոպոլիտենի  բաժանմունքներից  մեկում  արհմիության նախագահ ընտրելու առաջարկ:  Լ. Կարապետյանը խոստացավ աջակցել այդ  նախաձեռնությանը:
 Հանդիպման  ավարտին Էլեն Մանասերյանը  երիտասարդներին  կոչ արեց համագործակցել ՀԱՄԿ-ի և Ուսումնակազմակերպական  կենտրոնի հետ, ինչի արդյունքում ստեղծելով երիտասարդական  թիմ, երիտասարդ արհմիութենականները հնարավորություն  կունենան մասնակցել Կենտրոնի կողմից  կազմակերպվող սեմինարներին, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա իրազեկվել  արհմիությունների մասին որպես քաղաքացիական հասարակության մաս, առավել խորությամբ տեղեկանալ աշխատանքային  իրավունքներին ու դրանցում առկա  խնդիրների  հաղթահարման ուղիներին: