Առցանց քննարկում ԱՄԿ մասնագետների և ՀԱՄԿ ներկայացուցիչների մասնակցությամբ

Հուլիսի 8-ին տեղի ունեցավ առցանց հանդիպում, որին մասնակցում էին Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ՝ ԱՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համակարգող Սերգիուս Գլովացկասը, Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի գործադիր քարտուղար Անտոն Լեպպիկը, ԱՄԿ փորձագետ Ռոզալիա Վասկես-Ալվարեսը, ԱՄԿ-ի Աշխատողների գործունեության գրասենյակի ներկայացուցիչ Ռաֆայել Փիլսը, ԱՄԿ միջազգային փորձագետ Հարրի Թալիգան, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ճյուղային արհեստակցական միությունների ղեկավարներ և անձնակազմի ավագ անդամներ:
Վեբինարը վարում էր ԱՄԿ Արժանապատիվ աշխատանքի հարցերով աջակցության խմբի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող, գրասենյակի աշխատողների հարցերով ավագ մասնագետ Գոչա Ալեքսանդրիան:
Առցանց քննարկման թեման էր Հայաստանում նվազագույն աշխատավարձի սահմանումը և համապաըասխանեցումը վավերացված ԱՄԿ 131 Կոնվենցիային: Վեբինարի նպատակն էր մեկտեղել մասնակիցների՝ թեմային առնչվող տեսակետներն ու առաջարկները, ինչպես նաև արհմիությունների կողմից ակնկալվող քայլերը:
Վեբինարի ընթացքում հնչեցին Կովիդ-19-ի ժամանակահատվածում նվազագույն աշխատավարձի սահմանման, Հայաստանում կարգավորիչ օրենսդրական դաշտի, Եվրոպայում աշխատավարձի սահմանման հաջողված փորձերի վերաբերյալ ելույթներ:
Քննարկվող թեմայի առանցքը այնուհանդերձ 2004 թվականին Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Աշխատանքի միջազգային կազմակերպության «Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին» թիվ 131 կոնվենցիան էր, որով Հայաստանը պարտավորություն է ստանձնել ներդնելու նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգ և ժամանակ առ ժամանակ վերանայելու այն: Սակայն, ինչպես իր ելույթում նշեց Բորիս Խարատյանը, առ այսօր ՀՀ-ում չեն կիրառվում ԱՄԿ 131-րդ կոնվենցիայի պահանջների համաձայն նվազագույն աշխատավարձի սահմանման մեխանիզմները, չի կիրառվում մաև ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թվականին ընդունված «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքը, թեև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մշտապես բարձրաձայնել է այդ մասին:
Առցանց հանդիպման ընթացքում ունկնդիրների կողմից հնչեցին հարցեր, որոնց տրվեցին մասնագիտորեն հիմնավորված պատասխաններ:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


