ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՈՂՋ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 28-ը նշվում է որպես Առողջ և անվտանգ աշխատանքի համաշխարհային օր: Ամեն տարի այն նվիրվում է աշխատանքի անվտանգությանն առնչվող տարբեր թեմաների, որոնք վերաբերում են աշխատավայրում աշխատողների անվտանգության ապահովմանն ու առողջության պահպանմանը:
Այս տարի Առողջ և անվտանգ աշխատանքի համաշխարհային օրվա խորհուրդն է «Կանխատեսել, պատրաստվել և արձագանքել ճգնաժամին. կատարե՛նք ներդրում առողջ և անվտանգ աշխատանքի դիմադրողունակ համակարգերում»։ Այն նվիրված է Աշխատանքի միջազգային կազմակերպության «Աշխատանքի անվտանգության և հիգիենայի ապահովման հիմունքների վերաբերյալ» թիվ 187 կոնվենցիայով նախատեսված առողջ և անվտանգ աշխատանքի համակարգի օպտիմալացմանը:
Ամբողջ աշխարհում COVID-19 –ի արագ տարածումը բացասաբար է անդրադառնում ինչպես տնտեսության, այնպես էլ աշխատանքային հարաբերությունների վրա:
COVID-19 համավարակը ցույց տվեց, որ աշխատանքի պաշտպանության համար ձեռնարկվող միջոցառումները լիարժեք չէին և ստեղծված իրավիճակում անհրաժեշտ էր մշակել աշխատատեղերում կորոնովիրուսի կանխարգելման համար անվտանգության նոր կանոններ: Աշխատողների առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովումը մեծ դեր ունի COVID-19 համավարակի դեմ պայքարում, քանի որ աշխատողների առողջության պաշտպանությունը նաև հանրության պաշտպանությունն է։ Պետության հիմնական քաղաքականությունը աշխատանքի պաշտպանության համակարգում պետք է ուղղված լինի աշխատողների կյանքի, առողջության և անվտանգության պահպանմանը, քանի որ առողջ և անվտանգ աշխատանքային պայմանները յուրաքանչյուր աշխատողի Սահմանադրական իրավունքն է:
Համավարակի պայմաններում անհրաժեշտ է սոցիալական գործընկերության միջոցով աշխատանքներ տանել առողջ և անվտանգ աշխատանքի համակարգի հզորացման ուղղությամբ, մինչդեռ 2020թ․ հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից կնքված Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը, որում մի ամբողջ բաժին նվիրված է աշխատողների առողջության պահպանմանն ու անվտանգության ապահովմանը, մինչ օրս չի գործում։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան միանում է Առողջ և անվտանգ աշխատանքի համաշխարհային օրվան նվիրված Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությանը և կոչ է անում շարունակել պահպանել համավարակի տարածման կանխարգելման համար սահմանված անվտանգության կանոնները:
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


