Երևան, 30.05.2023

Կայքի հին տարբերակը

Արհմիության միջամտությամբ դադարեցվեց Սոտքի հանքավայրի վարորդների գործադուլը

Արհմիության  միջամտությամբ դադարեցվեց Սոտքի հանքավայրի վարորդների գործադուլը

«Кавказский Узел» լրատվական  կայքն անդրադարձել է սույն  թվականի ապրիլի  16-ին «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»  ընկերության կողմից  շահագործվող Սոտքի հանքավայրում աշխատող  շուրջ 40 վարորդների կողմից կազմակերպած գործադուլին: Նրանք փակել էին դեպի հանք տանող ճանապարհը, ինչպես նաև Սոթք-Արարատ երկաթուղու ճյուղը, որով  հանքից հանքաքարը տեղափոխվում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա։ Գործադուլավորները գործատուից պահանջում էին աշխատանքի դիմաց գործարքային-բոնուսային վճարման ձևը  փոխել ֆիքսված աշխատավարձով։     
Ընկերության ղեկավարությունը հանդիպել է գործադուլավորների հետ և առաջարկել դադարեցնել չարտոնված գործադուլը, վերադառնալ աշխատանքի և կառուցողական երկխոսության շրջանակներում քննարկել իրավիճակի կարգավորման ուղիները. այլապես,  հետագա  պարապուրդի դեպքում արտադրության կաթվածի պատճառով ընկերությունը ստիպված կլինի դադարեցնել արտադրական գործունեությունը Սոթքում և Արարատի ֆաբրիկայում և ամբողջ աշխատակազմին ուղարկել չվճարվող պարապուրդի, իսկ ապօրինի գործադուլի նախաձեռնողները պատասխանատվության կենթարկվեն ՀՀ աշխատանքային օրենսդրության, աշխատանքային պայմանագրերի, և այլ նորմատիվ ակտերի շրջանակում:
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»  ընկերության և գործադուլավորների միջև ընթացող  բանակցություններին  մասնակցել է  նաև Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային  հանրապետական  միության  նախագահ Էդուարդ Փահլևանյանը: Նրա խոսքով «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը զգալի զիջումների գնաց Սոթքի հանքի գործադուլավոր վարորդներին և պայմանավորվեց որևէ կերպ չպատժել բողոքողներին:
Ընկերության ներկայացուցիչների և գործադուլավորների բանակցությունները տևել են հինգ ժամ: «Երկու կողմերն էլ եկել են միաձայն կարծիքի, որոշվել է բաշխման պլանը, որի հետ վարորդները համաձայնվել են»,-«Кавказский Узел»-ի թղթակցին ասել է պարոն  Փահլևանյանը, հավելելով, որ վերջին շրջանում արտադրանքի  ծավալը նվազել է  և ընկերության ղեկավարությունը, նույնիսկ գործադուլից առաջ, գնացել էր վարորդներին ընդառաջ ՝ պլանային արտադրանքը հասցնելով նվազագույնի: 
Ըստ նրա, սա թույլ տվեց ապրիլ ամսից 50% -ով ավելացնել վարորդների մասնակի վճարման չափը: Միևնույն ժամանակ, աշխատողների ֆիքսված աշխատավարձը ոչ մի կերպ չի փոխվել և կազմում է 120 հազար դրամ (մոտ 230 ԱՄՆ դոլար), նշել է Փահլևանյանը:
Ըստ նրա «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի ղեկավարությունը իրեն հավաստիացրել է, որ գործադուլի մասնակիցներից ոչ ոք չի հեռացվի աշխատանքից կամ այլ կերպ չի պատժվի: